Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «էքստրաօրդինար» որակեց։
«Մի կողմից գիտենք՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ ընդդիմությունը պետք է իր ասելիքն ունենա, մյուս կողմից` քննարկում ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ: Այն է՝ մինչև նոյեմբեր ամիսն ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար` չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց, մյուս կողմից, դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը: Բազմիցս նշել ենք, որ կառավարությունը գտնվում է ճգնաժամային վիճակում, երկիրը քաղաքական տուրբուլենցիաների մեջ է, և, ըստ էության, այդ ժամանակահատվածը քաղաքական առումով, որպես ընդդիմություն, հաշվարկի մեջ չենք ներառում քննադատության և խնդիրների առումով, մյուս կողմից՝ խնդիրներից չենք կարող չխոսել, որոնց դեմը պիտի առնել` ինչ-որ բան անելով, այսինքն՝ որ դրանք չկրկնվեն 2019-ին, 2020-ին, 2021-ին»,- այսօր 2018-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի մասին իր ելույթում հայտարարեց Մարուքյանը:
Պատգամավորը նշեց երեք առաջնային խնդիր` առաջին՝ կառավարության կադրային քաղաքականությունը, որը, ըստ նրա, շատ վատն է, և եթե այսպես շարունակվի, շարունակելու են քննադատել, երկրորդ՝ դրժված խոստումները՝ լինի միասնական ընդդիմության, լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կան բաներ, որ ասել են, թե մի տարուց կանեն, կամ ուրիշ ձևով են փորձում անել, երրորդ՝ «սևուսպիտակի» բաժանումն է:
«Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը: Ամենախիստ ձևով քննադատել ենք հայտնի «սևուսպիտակի» պատմությունները: Այս քանի օրը Երևանի քաղաքապետը կրկնեց նույնը։ Այսինքն՝ բաներ կան, որ դասեր չեն քաղվում։ Կարող էր ավելի լավ լինել, միանշանակ արդյունքները կարող էին լավը լինել, եթե կառավարությունը լիներ լսող, ավելի համագործակցային, ներառական մոտեցումներ ցուցաբերվեին, եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց չկտրեին մայր հողից։ Երբ բան ենք ասում, մեզ ասում են՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ, կամ` ժողովրդի պատգամավորի հետ ո՞նց եք խոսում։ Տպավորություն է, որ ընդդիմությանն այլ ժողովուրդ է ընտրել», - շեշտեց Մարուքյանը։