կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 11:50
Քաղաքական

Ֆրանսիական կառավարության որոշումները հիմնված են քաղաքական-տնտեսական շահերի վրա. Մուրադ Փափազյան

Ֆրանսիական կառավարության որոշումները հիմնված են քաղաքական-տնտեսական շահերի վրա. Մուրադ Փափազյան

Ֆրանսիական կառավարության, իսկ ավելի կոնկրետ՝  Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների և Արցախի Հանրապետության համայնքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումները ընդունելի չեն կարող համարվել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ  Մուրադ Փափազյանը:

«Հանուն ո՞ր սկզբունքի է ֆրանսիական կառավարությունը դատի կանչել ֆրանսիական քաղաքապետերին: Մենք դատապարտում ենք քաղաքական այս նոր դիրքորոշումը, որը կարող է գոհացնել միայն Ադրբեջանին: Մենք չենք ընդունում փաստը, որ ֆրանսիական կառավարությունն այսքան վատ դիրքորոշում ունի Արցախի ժողովրդի հանդեպ: Հստակ է, որ այս որոշումները հիմնված են քաղաքական-տնտեսական շահերի վրա: Մենք նախագահ Մակրոնին բազմիցս ասել ենք, որ Արցախը մեզ  համար առաջնահերթություն է, որովհետև այստեղ կյանքի ու մահվան հարց է: Մենք չէինք կարող երևակայել, որ ֆրանսիական կառավարությունն այսքան հեռու կգնար: Մենք չենք դադարի զորավիգ լինել Արցախին, Արցախի ժողովրդին և Արցախի անկախության գործընթացին ու վերջնական փուլում ՀՀ-ի հետ միացմանը: Ժամանակն է, որ Հայաստանը Արցախի հետ ստորագրի ռազմաքաղաքական համաձայնագիր»,- նշեց Մուրադ Փափազյանը:

Այս համատեքստում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահը հարկ համարեց ընդգծել՝ չի կարելի խաղաղության քայլեր սպասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, երբ Ադրբեջանը պատերազմով է ներշնչված և  միայն ուժի է դիմում:

«Մեր ուժը մենք ենք, Սփյուռքի  մեջ ամուր ենք պահում մեր դիրքերը: Իսկ նախագահ Մակրոնի հետ կունենանք լուրջ բացատրություն և կշարունակենք մեր պայքարը Արցախի ժողովրդի համար` նրանց կողքին: Արցախի ժողովուրդը և բանակն ամուր են պահում մեր սահմանները: Եթե Արցախը կորցնենք, Հայաստանը վտանգի տակ կհայտնվի, իսկ Արցախը զորացնելով` Հայաստանը կփրկենք: Պետք է միջազգային ընտանիքին Հայաստանի և Սփյուռքի զորակցությունը ցույց տանք՝ ուժ տալով Արցախին: Այո,  միայն ուժ տալով, ովքեր էլ որ լինեն Արցախի իշխանությունները՝ այսօրվա, թե վաղվա»,- ամփոփեց Փափազյանը: