կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 10:50
Հասարակություն

Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողությունները քննող հանձնաժողով էլ ստեղծեն. «Իրատես»

Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողությունները քննող հանձնաժողով էլ ստեղծեն. «Իրատես»

«Յուրաքանչյուր երկրի առաջնագիծն առավել ամուր է լինում, երբ թիկունքն ապահով, ուժեղ է։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի ներքին կյանքը. պառակտված հասարակություն, հայաստանցի-արցախցի ջրբաժան, տնտեսական անմխիթար վիճակ, կառավարման կաթվածահար համակարգ։ Այսպիսի վիճակում գտնվող պետության սահմանները կարո՞ղ են անվտանգ լինել։ Քաղաքական, պետական գործիչ Դավիթ Շահնազարյանն այսօր հայկական երկու պետականությունների միայն թուլացման քայլեր է տեսնում, որոնք, ըստ նրա, վտանգավոր զարգացումների են բերելու։ Այս համատեքստում տեղին է հիշեցնել նաև, թե նախօրեին ինչպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը, որն ուղիղ հաստատում է նաև մեր զրուցակցի մտահոգությունները։ Անդրադառնալով նախկինում հայտարարած իր այն մտքին, թե կան դավադիր ուժեր, Փաշինյանն ասաց. «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձայն  են, թե համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել»։ (Ի դեպ, Բակո Սահակյանի պատասխանը չուշացավ)։ Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների շուրջ զրուցում ենք պարոն Շահնազարյանի հետ։

-Ադրբեջանն այսօր իր չունեցածն է փորձում առաջ մղել, մինչդեռ մենք մեր իրական արժեքները ոչնչացնում ենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցության սեղանի շուրջն է նստում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի ներկայացուցիչը, իսկ մենք դեռ հայտարարությունների մակարդակում մշտապես խոսում ենք Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին։ Ինչի՞ կհանգեցնի այս քաղաքականությունը։

-Փաշինյանի` Արցախյան հակամարտության շուրջ վարվող քաղաքականության մասին բազմիցս եմ խոսել։ Իշխանության գալու առաջին իսկ շաբաթներից այդ քաղաքականությունը չի սպասարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի շահերը և այն ամբողջովին համընկնում է Ադրբեջանի նպատակներին։ Նախ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներն առաջին անգամ չէին հանդիպում համանախագահների հետ, դա պարբերաբար եղել է։ Սակայն տարածաշրջանային վերջին այցից հետո նրանց հայտարարությունում հավասարության նշան դրվեց, ինչպես համանախագահներն են նշել, «ԼՂ-ի de facto իշխանությունների» և «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» միջև։ Սա Փաշինյանի քաղաքականության հերթական, խիստ բացասական հետևանքն է: Այս համատեքստում պետք է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում դավադիր ուժեր կան, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել և տարածքներ հանձնել։ Սա Հայաստանի և Արցախի անվտանգությանը ծանր հարված է և այստեղ տեսնում եմ քրեական պատասխանատվության տարրեր։ Նվերներն Ալիևին շարունակվում են։ Հայաստանում քծնանքի այս աստիճանի բարձր մակարդակ երբեք չի եղել։ Քրեական պատասխանատվության նշածս տարրերը տարածվելու են նաև այն ծափահարողների վրա, որոնք հասկանում են այն ահռելի վտանգները, որոնք Փաշինյանը հասցրել է Արցախին, բայց շարունակում են քծնել։ 

-Փաշինյանի այսպիսի քաղաքականության նպատակը ո՞րն է։

-Ոչ միայն, այսպես կոչված, հեղափոխությունն արտահանելու Արցախ, թուլացնելու հայկական երկրորդ պետությունը, այլև զինված ուժերը թուլացնելու։ Դրա վառ ապացույցն է նաև ԱԺ-ում 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ 

-Ինչո՞վ է վտանգավոր այդ հանձնաժողովը։

-Եթե դա լիներ միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ լինեին զորահրամանատարներ, ռազմական գործի մասնագետներ, կարելի էր հասկանալ։ Բայց այս հանձնաժողովը քաղաքական մարմին է, որտեղ որևէ մասնագետ չկա։ Սա ոչ միայն Արցախին, այլև զինված ուժերին մեծ վնաս է հասցնելու։ Չեմ զարմանա, որ այս հանձնաժողովը, ի վերջո, նույնիսկ եզրակացություն անի, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է 2016-ի ապրիլին նախահարձակ եղել՝ հրահրելով պատերազմ։

-Ասել է` այս հանձնաժողովի անաչառությանը լրջորեն կասկածում եք։

-Այդ հանձնաժողովն ամբողջությամբ քաղաքական, կուսակցական մարմին է։ Սա ցանկացած երկրում խայտառակություն կլիներ։ Խորհրդարանն ընդհանրապես չպետք է խառնվի զինված ուժերի խնդիրներին և գործողություններին։ Սա ուղղակիորեն հարվածելու, վարկաբեկելու է զինված ուժերը, ինչով զբաղված է այս իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից։ Իսկ ինչո՞ւ հանձնաժողով չի ստեղծվում, որը պարզի, թե այս մեկ տարվա ընթացքում Նախիջևանի հատվածում քանի հազար հեկտարի վրա է Ադրբեջանը լրացուցիչ վերահսկողություն սահմանել։ Մի քանի անգամ շատ տարածքների մասին է խոսքը, քան այն 800 հեկտարը, որը թմբկահարում են։ (Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարեվերջին Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր. «Առաջինը՝ չեզոք գոտի չկա, սահման չկա, կա միջդիրքային տարածք, այդ միջդիրքային տարածքը սկսած մայիս ամսից էապես կրճատվել է: Արդեն սեպտեմբեր ամսին Ադրբեջանի՝ Նախիջևանում տեղակայված զինված ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են մի քանի անգամ ավելի շատ, քան այն 800 հա-ն է, որի մասին բազմիցս խոսվել է 2016-ի քառօրյա պատերազմից հետո: Ի՞նչ է տեղի ունեցել Դուշանբեի հանդիպումից հետո. այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են արդեն ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էին պետք Դուշանբեի, այսպես կոչված, «պայմանավորվածությունները»: Այնտեղ արդեն ամբողջովին ճանապարհներ են կառուցվել, տեխնիկա է աշխատել, չեմ խոսում այն մասին, որ գնդակոծվել են թե՛ Զանգակատան, թե՛ Արենի գյուղերին պատկանող տարածքները: Առաջ այդպիսի բաներ չկային, չեն եղել»:- Ռ.Խ.) Ապրիլյան պատերազմն իրականում Արցախի պաշտպանության բանակի հերոսական էջերից մեկն է, որն այսօր ամբողջությամբ փորձում են վարկաբեկել։ Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողություններն էլ քննող հանձնաժողով ստեղծեն, տեսնենք՝ ի՞նչ կբացահայտեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: