Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։
Նշենք, որ ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարացվել` ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որ եղավ Էդվարդ Սնոուդենի դեպքում. լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ մեղադրվելով՝ 2013 թվականից նա ստացավ ՌԴ ժամանակավոր ապաստան, ավելի ուշ՝ երեք տարվա բնակության թույլտվություն։
Հիշեցնենք, որ օրերս 168.am-ը հայտնել էր, որ, իր տեղեկություններով, Պողոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նրա հետախուզման մեջ գտնվելու մասին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 15-ին, որից օրեր անց՝ ապրիլի 19-ի երեկոյան, Պողոսյանը ձերբակալվեց Կարելիայում՝ հյուրանոցում գրանցվելիս։
Հայաստանի դատախազությունը հայտնեց, որ նրան արտահանձնելու գործընթացն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են ՌԴ, իսկ ապրիլի 23-ին պարզ դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։ Մեկ օր անց՝ ապրիլի 24-ին, Միհրան Պողոսյանի ռուս փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։ Հունիսի 2-ին լրացավ նրա կալանավորման 40-օրյա ժամկետը։