«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» և ԱՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ Մարտունի քաղաքում այսօր հանդիսավոր կերպով տեղի է ունեցել մարզադաշտի բացման արարողություն:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզադաշտի բացման պատիվը տրվել է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Վլադիմիր Ավագյանին և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանին:Միջոցառմանը «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Կիրոյանցը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է բոլորին՝ Արցախում ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության անցկացման համար: Առաջնության մասնակից ֆուտբոլային հավաքականների թիմերին նա մաղթել է հետաքրքիր և խաղ:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանն էլ ասել է, որ այսօր Մարտունիում ոչ միայն նոր մարզադաշտ է բացվել, այլև տեղի է ունեցել թիվ 2 մանկապարտեզի, ինչպես նաև մարզասրահի բացումներ:Նա կարևորել է Մարտունիում միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ ունենալը, նշելով, որ մարտունեցիները միշտ աչքի են ընկել իրենց ֆուտբոլասիրությամբ: Մարզադաշտում հետագայում կնախատեսվեն տարբեր միջոցառումներ՝ սպորտային, մշակութային և այլն:Մ. Օհանյանի խոսքով՝ Արցախում ConiFA-2019-ի անցկացումը կնպաստի ֆուտբոլի մասսայականացմանը, զարգացմանը և նոր ֆուտբոլիստների ի հայտ բերմանը:Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Վլադիմիր Ավագյանին են հանձնել ձեռքի աշխատանք՝ ConiFA-2019-ի լոգո պատկերով: Մարզադաշտի շինարարական աշխատանքների ժամանակ ցուցաբերած իրենց ակտիվության համար արարողության ժամանակ մի խումբ անձինք պարգևատրվել են շնորհակալագրերով և դրամական պարգևներով:
Մինչև խաղի մեկնարկը հնչել է ԱՀ-ն և մրցող թիմերի երկրների օրհներգերը: Խաղն ավարտվել է 3-1 հաշվով հօգուտ Հարավային Օսիայի:
Հարավային Օսիայի ֆուտբոլի հավաքականի ներկայացուցիչ Սերգեյ Զասիևը մեզ հետ զրույցում ասել է, որ բավականին մեծ ջանք ենք ներդրել, որպեսզի հաղթեն մրցապայքարում:
«Մենք շատ ուրախ ենք, որ ժամանել ենք նման հրաշալի երկիր՝ Արցախ և այստեղ գրանցել մեր խաղի առաջին հաղթանակը: Մեզ համար իհարկե ցանկալի է, որ միշտ հաղթենք, բայց ամենակարևորն այն է, որ մենք մեր մասնակցությւոնն ենք ունենում ConiFA-2019-ին»,-ավելացրել է Ս. Զասիևը:Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Գառնիկ Սարգսյանն էլ ասել է, որ չնայած իրենց թիմին չի հաջողվել հաղթել, բայց իրենց համար կարևորը մասնակցությունն էր ու հետաքրքրիր խաղ ցուցադրելը:Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, պետական պաշտոնյաներ, հյուրեր մի շարք երկրներից, լրագրողներ, ֆուտբոլասեր հասարակություն և այլք: