Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպերին, որոնց հետևանքով հակառակորդի կրակոցներից վիրավորվել են հայ զինծառայողներ: Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, վերջին երկու ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում: «Բայց ես ուզում եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, կայունությունը և հանդարտությունը պահպանվում է: Մենք հետևյալ իրավիճակի մեջ ենք` դուք գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ադրբեջանի նախագահի միջև: Ես այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, մենք ինֆորմացիաներ ենք փոխանակում, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե, այդտեղ, ինչպես միշտ, կան փոխադարձ մեղադրանքներ: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասկանալ իրավիճակը, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում: Ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Վիեննայի հայտարարությանը կողմերը պետք է հավատարիմ մնան, իսկ այնտեղ արձանագրել են, որ հրադադարը պետք է պահպանվի և ամրապնդվի: «Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում, արդյոք կողմերից մեկը տվե՞լ է հրաման` ապակայունացնել իրավիճակը: Եթե` ոչ, ապա ինչո՞ւ է ապակայունանում իրավիճակը: Չնայած ես դա ապակայունացում չէի անվանի, այո, որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում: Ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություններ կան, դեպքեր են արձանագրվում, ես ասում եմ՝ փոխադարձ մեղադրանքներ կան, հիմա մենք աշխատանքային կարգով պետք է փորձենք հասկանալ, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով մենք այդ կոմունիկացիաները փորձում ենք ապահովել և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի: Նրա խոսքով՝ դա կա, չի փոխվել, և քանի դեռ հարցը կարգավորված չէ, չի փոխվելու: «Սա նշանակում է, որ այս ինֆորմացիան բոլորս, այդ թվում՝ ես, պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի գիտություն ենք ընդունել»,- ասաց Փաշինյանը: