Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնի մայրաքաղաքում աղբահանության վիճակի վերաբերյալ մանրամասներ: Ըստ նրա՝ խնդիրը սպասարկող մեքենաներն են, քանի որ խափանման դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում:
«Մենք ունենք օպերատոր, որի պարտականությունն է Երևան քաղաքում աղբահանության կազմակերպումը, իսկ Երևանի քաղաքապետի պարտականությունն է, որ բոլոր ծառայությունների կատարումը լինի անխափան, և Երևանը լինի մաքուր, և մենք դա, անկախ ամեն ինչից, պիտի ապահովենք: Մեր գործողությունները և հարաբերությունները «Սանիթեքի» հետ բացարձակապես պայմանագրի ներքո է: Նրանք ասում են, որ բանավոր պայմանավորվածություններ են եղել, մենք ասում ենք՝ կներեք, այդ բանավոր պայմանավորվածությունները մեզ հետ չեն եղել, դրանց մենք տեղյակ չենք, մենք միայն պայմանագրով ենք աշխատելու: Եվ այսօր մենք նրանց տուգանել ենք մոտ 13 միլիոն դրամով, և եթե աղբահանությունն այսպես շարունակվի, նորից պիտի տուգանքներ լինեն»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ քաղաքապետարանը փորձում է իր ուժերով աղբահավաքության բացը լրացնել, ինչն առանց աղբատար մեքենաների հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է մեքենաների գնման մրցույթին, որը բողոքարկվել է, քաղաքապետն ասաց, որ դատարանում բողոքարկման որոշումը վիճարկելու գործընթաց են սկսել: «Մենք գտնում ենք, որ այդ բողոքարկումն անհիմն է: Դատարանը վարույթ է ընդունել մեր բողոքը: Մենք օրենքի շրջանակում գործընթացը շարունակում ենք, բայց այդ մեքենաները կլինեն հունիս-հուլիս ամիսներին: Դրա համար էլ դիմել ենք կառավարությանը, որպեսզի այս պահին որոշ քանակությամբ մեքենաների ձեռք բերում ապահովի, որ իրավիճակը մի քիչ շտկենք»,- ասաց նա:
Վարչապետն այս պարզաբանմանն արձագանքեց, որ տուգանքից հետո աղբահանությունը «Սանիթեք»-ն ավելի վատ է կատարելու: «Դուք ասացիք, որ 13 միլիոն դրամով տուգանել եք, բայց այդ տուգանքը ոչ թե լավացնելու է, այլ ավելի է վատացնելու վիճակը, որովհետև հաջորդ փուլում ասելու են՝ 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք, և այն ժամանակ 3-ն էր փչանում, իսկ հիմա՝ 7-ը: Եկեք արձանագրենք, որ խնդիրը սկսվել է այն ժամանակ, երբ փաստացի ընտրվել է մեկ օպերատոր: Եթե մենք ունենայինք երկրորդ օպերատորը, մրցակցային իրավիճակն ուրիշ կլիներ, հիմա երբ մեկը խնդիր ուներ, մյուսին կխնդրեինք որոշակի գործառույթներ իրականացնել»,- ասաց Փաշինյանը:
Ավելի ուշ կառավարությունը հաստատեց՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենաներ: