կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 21:17
Արցախ

Արցախում մեկնարկել է «Իմ մեծ ընտանիքը» խորագրով մրցույթը

Արցախում մեկնարկել է «Իմ մեծ ընտանիքը» խորագրով մրցույթը

«Արցախի մարդիկ» (Humans of Artsakh) նախաձեռնությունը մայիսյան եռատոնին ընդառաջ սկսել է «Իմ մեծ ընտանիքը» խորագրով նոր նախագիծ-մրցույթ:Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում   ասել է   «Humans of Artsakh» նախաձեռնության  անդամ  Նատելլա   Դանիելյանը՝  նշելով, որ    նախագծի  նպատակն  է  ևս  մեկ  անգամ  վերարժևորել  հայկական  ընտանիքը, որը  կարևոր   դերակատարություն  ունի  պետության,      հասարակության  զարգացման,  ինչպես  նաև  հայրենադարձման    գործում:

Ըստ   Ն.  Դանիելյանի՝    ֆեյսբուքյան  նախաձեռնության  հեղինակը  Աշոտ  Մարգարյանն է. «Humans of Artsakh»-ը  ստեղծվել  է  2014  թվականին: Նախագծի  մասնակիցը  դառնալու  համար  անհրաժեշտ  է  մինչև  ապրիլի  30-ը  «Humans of Artsakh»   ֆեյսբուքյան    էջին   ուղարկել հայկական  մեծ ընտանիքի   լուսանկար՝   համառոտ  նկարագրությամբ: Լուսանկարները  պետք  է  լինեն  բարձր  որակի. դրանք պետք  է նկարված  լինեն  2014  թվականից՝  այսինքն նախաձեռնության  հիմնադրման տարեթվից   հետո:
«Մրցույթում     հաղթող    կճանաչվի  այն     լուսանկարը, որը  կունենա   ամենաշատ   հավանություններն  ու  մեկնաբանությունները: Լավագույն  երեք   հաղթողները   նախաձեռնության  գործընկեր  «Woodpeckers Wood  Toys» ընկերության   կողմից  կարժանանան  հատուկ  մրցանակի:  Մրցանակների   հանձնման  արարողությունը  տեղի կունենա  խորհրդանշական  վայրում»,-ավելացրել  է  Ն.  Դանիելյանը:
 
Խոսելով  «Humans of Artsakh» նախաձեռնության   մասին՝  մեր  զրուցակիցն ասել է, այն   առօրյա  ֆոտոպատմություններով  ներկայացնում  է  Արցախի  ժողովրդի  կյանքն  ու  աշխատանքը, գեղատեսիլ  բնությունը,   Արցախում  տեղի ունեցող  զարգացումներն  ու  փոփոխությունները, կերտվող  ապագան,  որտեղ  դեռ  կան  անավարտ  երազներ՝  վերջնական  խաղաղության  հասնելու  համար, ինչպես  նաև  ցույց  տալիս  Արցախի  ներուժն ու հնարավորությունները, խթանում զբոսաշրջության  զարգացմանը:  Այն նպատակ   ունի  նաև   բարձրացնելու Արցախի  մասին   իրազեկվածությունը  միջազգային տարբեր  հարթակներում:  Նախաձեռնության  կարգախոսն  է  «Արցախը   հակամարտություն  չէ, այլ  պետություն»: «Humans of Artsakh»   ֆեյսբուքյան    էջի  հետևորդների   թիվը  ավելի  քան  12  հազար   500  է:
 
«Եթե   այս  նախագիծը  հաջող  ընթացք  ստանա, մտադիր ենք  նաև  իրականացնել   նմանատիպ  այլ նախագծեր»,-նշել  է  Ն. Դանիելյանը: