կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 14:54
Տարածաշրջան

«Տիկին Մատվիենկոյի քաղաքական ոչ ադեկվատությունը». Ադրբեջանում վրդովված են

«Տիկին Մատվիենկոյի քաղաքական ոչ ադեկվատությունը». Ադրբեջանում վրդովված են

Ադրբեջանական Minval.az կայքը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանում այցով գտնվող` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գործողությունները Բաքվում:

Այսպես` Մատվիենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է մասնակցելու «Համատարած թելադրությանը», որն անցկացվում է ՌԴ-ում ( ակցիա, որի ժամանակ աշխարհի տարբեր երկրներում մարդիկ ռուսերեն լեզվով թելադրություն են գրում, տեքստը նույնն է լինում):

«Եվ ինչպե՞ս դա հասկանալ: Հարցն անգամ այն չէ, որ Ադրբեջանում շատերն առանց խնդրի կարող են ռուսերեն լեզվով միջին և բարձր կրթություն ստանալ, որ դպրոցներում գործում են ռուսական բաժիններ, որ  ռուսերեն լեզվով հրատարակվում են գրքեր, թերթեր: Սակայն պետական լեզուն մեկն է` ադրբեջաներենը: Եվ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ստուգել ռուսերեն լեզվի` իր իմացությունը, ապա դա նրա անձնական գործն է: Կարևոր է այլ բան: Ցանկանում ենք հիշեցնել տիկին Մատվիենկոյին, որ նա խոսել է անկախ պետության նախագահի հետ»,- գրում է հոդվածագիրը:

Սա Մատվիենկոյի միակ քայլը չէր, որը զայրացրել է ադրբեջանցիներին. նա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովին հրավիրել է Սևաստոպոլ` մասնակցելու քաղաքը ֆաշիստներից ազատագրելու 75-ամյակին նվիրված միջոցառումներին: Հոդվածագիրը հարց է տալիս` արդյո՞ք տիկին Մատվիենկոն տեղյակ է, որ 1944 թվականին Ղրիմի ազատագրման գործում «վճռորոշ դեր է խաղացել ադրբեջանական 77-րդ դիվիզիան»:

«Սակայն նա գոնե պետք է հաշվի առներ այն, որ Ադրբեջանն ունի  Հայաստանի կողմից օկուպացված Ղարաբաղ… Եվ ի՞նչ, տիկին Մատվիենկոն տեղյակ չէ: Իսկ Դաշնային խորհրդի թիմը նույնպե՞ս:  Այնտեղ ուղղակի ռիսկ չեն արե՞լ  նրան զգուշացնել, թե՞ արժանի չեն համարել այդ ամենը նկատի ունենալ»,- գրում է նա:

Թարգմանությունը` Անի Սահակյանի