կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 09:47
Հասարակություն

80%-ի փուչիկը, կամ Փաշինյանը կորցնում է ադեկվատությունը. «Ժամանակ»

80%-ի փուչիկը, կամ Փաշինյանը կորցնում է ադեկվատությունը. «Ժամանակ»

«Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման․ ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,-գրել է նա:

Ֆեյսբուքյան այս լակոնիկ գրառումը բացահայտում է այն տխուր իրականությունը, որում հայտնվել են վարչապետն ու նրա իշխանությունը՝ չնայած այն հանգամանքին, որ արտաքուստ Փաշինյանը գրել է դրական ցուցանիշների մասին։

Պատկերացնո՞ւմ եք՝ երկրի ղեկավարը զբաղվում է աղբահանության խնդիրներով ու մանրամասն նկարագրում է աղբատարների, աղբամանների քանակը։ Սա իրականում իշխանության, համակարգի չգոյության պերճախոս դրսևորում է ու դժվար է հակառակը պնդել։

Հեղափոխության հաղթանակից անցել է մեկ ու կես տարի, սակայն Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել ձևավորել կենսունակ համակարգ ու այնպիսի տպավորություն է, որ նա երկրում աշխատող միակ պաշտոնյան է, որը պարտավոր է զբաղվել թե Չարենցավանի դպրոցներից մեկի տնօրենի հարցով, թե աղբահանությամբ ու թե բազամթիվ այլ խնդիրներով, որոնք նորմալ իշխանության պարագայում ունեն կոնկրետ այլ հասցեատերեր։

Երևանի ու նրա քաղաքապետի պարագայում խնդիրն առանձնահատուկ է, ու Փաշինյանը թերևս հրաշալի գիտակցում է, որ հենց ինքն է Երևանի հետ կապված ցանկացած խնդրի իրական պատասխանատուն։ Երևանի քաղաքապետարանը ֆորմալ առումով ՏԻՄ է, սակայն բոլորն են հասկանում, որ Հայկ Մարությանն ու նրա թիմն իշխանության ղեկին են հայտնվել բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի, այն բանի շնորհիվ, որ վարչապետը գրեթե միայնակ տարավ ամբողջ ընտրարշավը՝ հասարակությանը, ըստ էության, զրկելով ընտրությունից՝ «սևի» ու «սպիտակի» վտանգավոր դիլեման առաջ քաշելով։

Հայկ Մարությանը, ըստ էության, ոչ թե քաղաքապետ է, այլ՝ Նիկոլ Փաշինյանի փոխանորդն այդ պաշտոնում ու միանգամայն տրամաբանական է, որ եթե հասարակությունը դժգոհ է քաղաքային աղբահանության, տրանսպորտի աշխատանքներից, հայացքը պետք է ուղի Փաշինյանի կողմը, որն ուսերի վրա իշխանության է բերել Հայկ Մարությանին ու մյուսներին։

Ոչ մի վարչապետի, ղեկավարի վարկանիշ չի կարող դիմանալ, երբ նա պատասխանատու է դառնում երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար ու ստիպված է պատասխան տալ երկրի գրեթե բոլոր պաշտոնյաների անգործության համար։ Այդ վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։

Սակայն ավելի ցավալի է, որ երկրի վարչապետն աստիճանաբար կտրվում է իրականությունից, հակառակ պարագայում՝ չէր խոսի Հայկ Մարությանի կառավարչական հրաշալի հատկությունների մասին, նույնիսկ՝ PR-ի նպատակով։ Հասկանալի է, որ Փաշինյանի համար դժվար է խոստովանել, որ մեկ տարի առաջ սխալ ընտրություն է կատարել, սակայն հիմա ավելի լավ է դադար վերցնել՝ լուզեր պաշտոնյանի ձախողված քաղաքականության ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն, մանավանդ, որ նույն աղբահանության ոլորտում ճգնաժամն ամենևին էլ մոտ չէ հաղթահարմանը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։