Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպասում ենք վարչապետի պատասխանին. ասաց արձակագիր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը` պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ո՞ւր մնաց թատերական մի շարք գործիչների պահանջագիրը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ:
«Նա հայտարարել է, որ եթե իրեն ներկայացված խախտումներից որևէ մեկով պարզվի, որ անճշտություն կա, դրանք իրեն ներկայացնող անձը կհեռացվի պաշտոնից»,- հավելեց նա:
Մեր ճշտող հարցին` այսինքն` պահանջը դեռ օրակարգայի՞ն է, Շահնազարյանը հստակ ու լակոնիկ պատասխան տվեց` միանշանակ:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե վարչապետն ինքն է ասում, որ բոլորը պետք է օրենքի առջև հավասար լինեն` անկախ հանգամանքից, թե ինչ դեր ու նշանակություն ունեն, Նելլի Շահնազարյանն արձագանքեց` չէր ցանկանա դրան հավատալ: «Չեմ ուզում հավատալ, որ նա չի ուզում ունենալ հարուստ օպերային թատրոն, մշակույթ: Այնպիսի օպերա, որ աշխարհի տարբեր երկրներում կներկայացնի հայ ժողովրդի օպերային արվեստը: Ինձ թվում է` վարչապետին ճիշտ չի ներկայացվում: Այդ ծայրահեղ զբաղվածության մեջ, երբ բոլոր ոլորտներում անելիքներ կան, գիտեք` ինչ վիճակով է ժառանգել Հայաստանը, գուցե չի հասցնում լիովին տեղեկանալ, թե ինչ է կատարվում: Կարծում եմ` Փաշինյանը կարծում է, որ բոլոր ոլորտներում կոմպետենտ մարդկանց է նշանակել, օրինակ` արվեստաբան Նազենի Ղարիբյանին, որ կարող են այդ ոլորտը ղեկավարել»,- նշեց արձակագիրը:
Թատրոնի փոխտնօրենը, շարունակելով պատասխանել մեր հարցին, ասաց նաև, որ խնդիր ունի Փաշինյանի կադրային քաղաքականության հետ, որովհետև աստիճանաբար պարզվում է` մի տեղ մարզպետը, մի տեղ մշակույթի փոխնախարարն ու նախկին նախարարը իրենց տեղում չեն, ոլորտը չեն պատկերացնում: Փաշինյանն անձամբ էլ հայտարարել է, որ որևէ մեկն իր տեղում սոսնձված չէ, ու եթե անհրաժեշտություն լինի, կադրերին կփոխի: Բայց, ըստ Շահնազարյանի, հենց սկզբից պետք է մտածել կադրային քաղաքականության մասին, թե ում է նշանակում, արդյո՞ք ի վիճակի է այդ ծանրագույն բեռը կրել ուսերին, թե՞ ոչ: