կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 20:17
Արցախ

Արցախի Խորհրդարանի հայտարարությունը` «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ

Արցախի Խորհրդարանի հայտարարությունը` «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, մարտի 27-ին գումարել է իններորդ նստաշրջանի հերթական նիստը:

Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է ներկաներին Կանադայի Համայնքների պալատում մարտի 19-ին Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման մասին, այնուհետև հրապարակել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու՝ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված խմբի հայտարարությունը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արցախ  Կանադա» բարեկամական խումբ ստեղծելու մասին

Երախտագիտությամբ ընդունելով Կանադայի Համայնքների պալատի պատգամավորների 2019թ. մարտի 19-ի հայտարարությունը՝ «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ ստեղծելու մասին,

Վերահաստատելով Արցախի Հանրապետության հանձնառությունը՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու բոլոր ազգերի հետ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգման վրա,

Գնահատելով Կանադայի օրենսդիրների պատրաստակամությունը՝ զարգացնելու երկխոսություն և փոխադարձ շփումներ, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածելու հանդուրժողականություն և հարգանք մարդու իրավունքների հանդեպ,

Նպատակ ունենալով հետևողականորեն ընդլայնելու Կանադայի հետ կապերը, մասնավորապես` մարդասիրական համագործակցության բնագավառում,

Մենք` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոստորագրյալ պատգամավորներս, ներկայացնելով խորհրդարանի բոլոր խմբակցությունները, հայտարարում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Արցախ – Կանադա» բարեկամական խումբ ստեղծելու մասին:

  1. Ռամելա Դադայան - «Հայրենիք»
  2. Արարատ Օհանջանյան - «Հայրենիք»
  3. Դավիթ Մելքումյան - «Ժողովրդավարություն»
  4. Ռիտա Մնացականյան - «Դաշնակցություն»
  5. Էդուարդ Աղաբեկյան - «Շարժում - 88»
  6. Հայկ Խանումյան - «Վերածնունդ»