կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-20 13:29
Քաղաքական

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ՀՀ ԱԳՆ-ն հստակ ոչինչ ասել չի կարող, համանախագահների հետ շփումներն այս հարցով շարունակվում են

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ՀՀ ԱԳՆ-ն հստակ ոչինչ ասել չի կարող, համանախագահների հետ շփումներն այս հարցով շարունակվում են

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս հստակ բան ասել չի կարող, բայց արտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մշտապես կապի մեջ է, շփումներն այս ուղղությամբ շարունակվում են: 

«Հանդիպման մասով այսքանը կարող եմ ասել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ մարտի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստան եկած ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն իր հետ նոր գաղափարներ բերե՞լ էր ԼՂ հարցով, նա պատասխանեց. «Ամբողջ կոնցեպտը, թե ինչ է բերել պարոն Լայչակը և ինչ է առաջարկում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով, նա ինքը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Որևէ բան չեմ կարող այստեղ ավելացնել»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում հայտարարել էր, որ բանակցային ձևաչափում որևէ հնարավոր փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

Անդրադառնալով ամերիկյան հատկացումներին՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ այս շրջանում ՀՀ-ին տրամադրվող աջակցության հարցը մշտապես քննարկվում է ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր մարմինների շրջանակներում:

«Հայաստանը եղել է այդ օգնության շահառուներից մեկը, որի շնորհիվ իրականացվել են տնտեսական, մարդու իրավունքների և այլ կարևոր ոլորտներում լայնածավալ բարեփոխումներ: Այն, ինչին հղում է արվում մամուլի և լոբբիստական կազմակերպությունների կողմից, վերաբերում է այս օրերին ԱՄՆ-ում ընթացող քննարկումներին, որոնք տևում են ամիսներ: Բայց սա միակ հարցը չէ, մենք փոխգործակցությունը ևս կարևորում ենք, ուստի հետամուտ ենք լինելու նաև այդ հարցին: Ամեն դեպքում` Հայաստանն իր մասով կատարելու է ժողովրդական բարեփոխումների իր օրակարգը և հետևելու է դրան»,- ընդգծեց Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրների հատկացվող օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ, ընդգծել են, որ, հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: