Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալությունը (MIGA) փոխառության ֆինանսավորման և երաշխիք՝ 202 միլիոն դոլար արժողությամբ աննախադեպ փաթեթ են նախապատրաստում Հայաստանի առաջին, նոր կառուցվող էլեկտրակայանի ֆինանսավորման համար, որը կօգնի Հայաստանում զարգացնել էներգիայի արտադրություն ու խթանել տնտեսական աճը:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանում էլեկտրական էներգիայի երկու երրորդն արտադրվում է ներկրվող վառելիքից: Էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալների մի զգալի մասի արտադրության համար երկրում հիմնականում օգտագործվում են հնացած, ցածր արդյունավետությամբ ջերմաէլեկտրակայանները: 250 մեգավատտ հզորությամբ համակցված ցիկլով գազատուրբինային արդի էներգակայանի կառուցումը Երևանի հարավային մասում կօգնի բարձրացնել գազից էլեկտրական էներգիայի արտադրության արդյունավետությունը՝ արտադրելով տարեկան մինչև 2,000 գիգավատտ ժամ և ապահովելով հուսալի էներգամատակարարում: Կայանը նաև կօգնի նվազեցնել գազի ծախսն ու կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
IFC-ն այս ֆինանսավորման փաթեթի առաջատար կազմակերպիչն է: Փաթեթը ներառում է 42 միլիոն դոլար վարկ IFC-ի կողմից և 121 միլիոն դոլար՝ IFC-ի սինդիկացված վարկավորման նորարարական հարթակից, Համատեղ վարկավորման պորտֆելի վերահսկվող ծրագրից, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի և զարգացման ծրագրեր ֆինանսավորող գերմանական DEG (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կազմակերպության կողմից զուգահեռ ֆինանսավորվող վարկերից: MIGA-ն 39 միլիոն դոլարի երաշխիք է տրամադրում, որպեսզի օգնի «Renco Spa» կազմակերպությանը կառավարել ոչ առևտրային ռիսկերը:
Ֆինանսավորումը տրվելու է «Արմփաուեր» կազմակերպությանը, որը համատեղ հիմնադրվել է գերմանական «Սիմենս փրոջեքթ վենչուրս» ՍՊԸ-ն (որը «Սիմենս ֆինանսական ծառայություններ»-ի մաս է), իտալական «Ռենկո Ս.Պ.Ա.» և զարգացման ծրագրեր ֆինանսավորող իտալական «ՍԻՄԵՍՏ Ս.Պ.Ա» (CDP խումբ) կազմակերպությունների կողմից:
Ռենկոն նաև հանդիսանալու է կայանի նախագծային աշխատանքները, գնումներն ու շինարարությունն իրականացնող կապալառուն: Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջիովաննի Ռուբինին ասաց. «Արդեն 20 տարի է, ինչ Ռենկոն Հայաստանում է, և մենք շատ գոհ ենք, որ կարևոր կետի ենք հասել երկրի տեխնոլոգիական և էներգետիկ զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացման հարցում: Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ սկսել աշխատանքները՝ կայանը նախատեսված ժամկետում շահագործման հանձնելու համար»:
«Հուսալի էլեկտրամատակարարումն ապահովում է բազային ծառայությունների հասանելիություն և տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և աղքատության նվազեցման կարևոր շարժիչ է: Այս ծրագիրը մաս է կազմում Համաշխարհային բանկի խմբի հիմնարար ջանքերի՝ ուղղված Հայաստանում հուսալի էներգամատակարարման ապահովմանը»,- ասաց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան վան Բիլսենը: - Մենք պատրաստ ենք շարունակել հնարավորություններ փնտրել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը հզորացնելու համար՝ զարգացման ու աճի հետագա խթանման նպատակով»:
Այս ծրագիրը Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների համատեղ աշխատանքի արդյունքն է, որը հաջորդում է Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումներին, որոնց օգնությամբ ձևավորվել է անկախ կարգավորող մարմին և դիվերսիֆիկացվել է գույքի նկատմամբ սեփականությունը: Համաշխարհային բանկը նաև ֆինանսավորել է մաշված և հնացած էլեկտրահաղորդման ցանցի վերազինումը: