կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-18 13:56
Քաղաքական

ԼՀԿ-ն նախագիծ է պատրաստում, որ կարողանա նախագահի թեկնածու առաջադրել

ԼՀԿ-ն նախագիծ է պատրաստում, որ կարողանա նախագահի թեկնածու առաջադրել

ԼՀԿ-ն շուտով շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որը մշակվել է դեռևս «Ելք» դաշինքի ժամանակ. այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այն ուղղված կլինի խորհրդարանական խմբակցությունների դերի բարձրացմանը: Այդ առաջարկներից մեկով, օրինակ, ցանկանում ենք այնպես լինի, որ խորհրդարանական խմբակցությունները կարողանան նախագահի թեկնածու առաջադրել: Հիշե` Արտակ Զեյնալյանի թեկնածությունը մենք  ժամանակին չկարողացանք հենց այդ պատճառով առաջադրել: Բացի այդ` խմբակցությունը չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն իրականացնել, ինչպես նաև ՍԴ դիմելու հետ կապված խնդիրներ կան: Դրանց բոլորին առաջարկում ենք փաթեթային լուծում տալ: Մյուս կողմից էլ, անցած գումարման խորհրդարանի հետ համեմատած, այժմ պայմաններն ավելի սուղ են, որովհետև եթե այն ժամանակ կար չորս խմբակցություն, և չորսից պետք է հավաքեիր ստորագրությունները, հիմա երեքն են, և նման լիազորություն չտալը սխալ է»,- ասաց պատգամավորը:

Նա շեշտեց նաև, որ Հայաստանն ամբողջական չի անցել պառլամենտական համակարգի, և իրենց այդ նախաձեռնությունը միտված է գործընթացն ամբողջական դարձնելուն:

Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ ԼՀԿ-ն ամենաշատ նախագծեր շրջանառության մեջ դրված խմբակցությունն է: