Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին. ամռանը շահագործման կհանձնվի հիմքից կառուցված 10 բնակելի տուն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Արդեն ավարտվել են համայնքապետարանի շենքի վերակառուցման, մանկապարտեզի, դպրոցի և հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները: Համայնքապետարանը, մանկապարտեզն ու հանդիսությունների սրահն անգամ կահավորված են: Մոտ ժամանակում կկահավորվի նաև դպրոցի մասնաշենքը: Դպրոցի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները ավարտվել են տարեվերջին»,-ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը ու հավելեց՝ գյուղի ջրամատակարարման ողջ համակարգը, խողովակները ևս արդիականացվել են:
Ծրագրի առաջին փուլով Թալիշում 19 տուն էր վերակառուցվել և կապիտալ կահավորվել: Հիմա երկրորդ փուլով նախատեսված 14 տների վերակառուցումն ընթացի մեջ է: Պետրոսյանը նշեց, որ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Գյուղում բուռն աշխատանքներ են ընթանում նաև հիմքից տների կառուցման համար: Այդպիսի 10 առանձնատուն է կառուցվում: «Հիմնական աշխատանքները ներկայում այդ տների ուղղությամբ են ընթանում: 10 բնակելի տների կառուցման աշխատանքները պիտի ավարտվեն հունիս-հուլիսին»,-տեղեկացրեց գյուղապետն ու հավելեց՝ երկու օր առաջ արդեն կատարվել են չափագրման աշխատանքներ, և հավանաբար շուտով ծրագրի մեջ կմտնի ևս 4 տան վերակառուցում:
Անդրադառնալով գյուղի վերաբնակեցմանը՝ Պետրոսյանը նշեց, որ ներկայում հիմնականում ապրում են տղամարդիկ: Ապրում է միայն մեկ ընտանիք՝ 80 անց ամուսին, կին և նրանց որդին: Սակայն կանայք երեխաների հետ երբեմն ևս գնում են գյուղ ու ինչ-որ ժամանակով մնում: «Ամռանն էին մնում օրեր շարունակ, երբ ծառերին բերք կար, մրգերից պահածոներ էին պատրաստում»,-նշեց գյուղապետն ու շեշտեց՝ մարդիկ ընտանիքներով բնակվելու կգան, երբ ծրագրերն ավարտվեն ըստ նախատեսվածի՝ մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը:
Գյուղապետն արձանագրեց մեկ շատ կարևոր փաստ՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Բավականին ժամանակ է, ինչ կրակոցներ չեն լսում: «Կրակոցներ չենք լսում այն ժամանակից, երբ ողջ առաջնագծով կրակոցների թիվը պակասեց՝ երևի կապված Փաշինյան-Ալիև հանդիպման հետ»,-նշեց նա:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ամենից շատ տուժած բնակավայրերից է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ու դրան հաջորդած օրերին բնակավայրը ենթարկվել է ադրբեջանական բանակի հրետակոծության, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է մի քանի ժամով մտնել գյուղ` կատարելով քաղաքացիական բնակչության սպանություններ, ավերել ու թալանել տներ: Շարունակելով տարբեր զինատեսակներից հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարիպահպանման ռեժիմը՝ Ադրբեջանը 2017թ. փետրվարի 24-ին թիրախավորել էր ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120-միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակվել էր 4 արկ: