Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ունեցել ենք քննարկումներ այն անձանց հետ, որոնք հանդես են գալիս «Նաիրիտ»-ի վերագործարկման նախաձեռնության կողմից, նրանք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են. կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով հարցին, թե չինական ներդրողներ են հայտնվել «Նաիրիտ»-ում, ներդրումային առաջարկ ստացե՞լ եք:
«Ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակն է ներկայում, բայց այն քննարկումները, որոնք իրականացվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության մեջ: Այսինքն` այդ ծրագրի օգտին խոսող կողմը տիրապետում է և' տեխնոլոգիական, և' կազմակերպական հստակ ինֆորմացիայի»,- ասաց նախարարը և նշեց, որ չինացիների մասին տեղեկացված չէ, միայն գիտի, որ նրանք նույնպես հնարավոր հետաքրքրություն ունեն, իսկ թե մանրամասներն ինչպիսիք են, նախարարությունում չի քննարկվել:
Հարցին` պետությունը հակվա՞ծ է աշխատանքներ տանել, որպեսզի, ի վերջո, վերաբացվի «Նաիրիտ»-ը, Խաչատրյանը պատասխանեց. «Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները` միայն այն հիմքով, եթե դրանք իրատեսական են: «Նաիրիտ»-ի հարցը շատ զգայուն է»:
Ինչ վերաբերում է սնանկացման գործընթացը կասեցնելուն, նախարարը նշեց, որ սնանկացման գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: «Կան պարտատերեր, կան այդ սնանկացման վարույթը սպասարկող` դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ: Իսկ թե պե՞տք է սնանկացման գործընթացը կասեցնել, թե՞ ոչ, դատարանը պետք է որոշում կայացնի` կողմերից մեկի նախաձեռնությամբ»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ կառավարությունը վերագործարկել-չվերագործարկելու հարցը կարող է քննարկել այն պայմաններում, եթե առկա է առարկայական հստակ հաշվարկելի և գնահատելի ծրագիր, իսկ մենք դեռևս այդ փուլում չենք: