կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 20:05
Քաղաքական

Թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկի ճաշակով փոխել ազգային խորհրդանիշերը. Գեղամ Մանուկյան

Թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկի ճաշակով փոխել ազգային խորհրդանիշերը. Գեղամ Մանուկյան

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցն է: Հանրապետության հրապարակում` Արամ Մանուկյանի արձանի մոտ նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նրա գաղափարակիցները:

Խոսքով հանդես եկավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Նա, դիմելով ներկաներին, նշեց, որ այսօր Արամի արձանի մոտ ներկա գտնվողներից շատերն էին պայքարում, որ վերջապես Երևանի սրտում վեր խոյանա Առաջին Հանրապետության հիմնադրի արձանը:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ կառավարության շատ ներկայացուցիչներ ամեն ինչ անում էին, որ այս արձանը չլինի, բայց ներկաների համառության շնորհիվ էր, որ վերջապես Արամ Մանուկյանի արձանն իր տեղը գտավ Երևանում: «Սա սոսկ արձան չէ, այն մի ամբողջ գաղափար է` մեր անկախության, Առաջին Հանրապետության խորհրդանիշների, պայքարի, աշխարհայացքի, ազգային գաղափարախոսության: Դեռ երկու ամիս առաջ նույն այս վայրում հազարավոր ընկերներ, համակիրներ, հայրենակիցներ հավաքվեցին` խոստում տալով շարունակել նրա գործը: Ձեզնից շատերը շաբաթներ շարունակ փորձեցին ժողովրդին բացատրելի դարձնել նրա գաղափարներն ու ազգային իդեալները: Այսօր երջանիկ ենք, որ Արամ Մանուկյանի արձանի մոտ ենք հավաքված, բայց նաև տխուր ենք, որ 600 տարվա կորստից հետո պետականության հիմանդրի` Արամ Մանուկյանի հիշատակը  հարգում ենք այսպես` միայն կամավորներվ, գաղափարակից ընկերներով, երիտասարդներով, որոնք պատանեկան տարիներին սերտել են Արամ Մանուկյանին և գիտակցում են` ով է նա: Ցավոք, այսօր ևս ոչ պետական մակարդակով ենք հիշում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրին»,- ասաց նա և նշեց, որ սա  առաջին կամ երկրորդ դեպքը չէ:

«Հիշեք նույն մայիս 28-ը. Հայոց պետականության հարյուրամյակի միջոցառումներն ինչպես դարձրեցին բոլշևիկ-ռուսական պարերի տոնակատարություն, ինչպես մոռացան հրավիրել այն հարյուրավոր մարդկանց, ովքեր իրենց կրծքում, սրտում, հոգում էին պահել այդ անկախությունը: 70 տարի փայփայել էին ադ խորհրդանիշները, որ բերեն ու նորանկախ հայրենիքին հանձնեն: Ու այսօր Արամ Մանուկյաններն ու նրա գաղափարները նորից վտանգի տակ են»,- ասաց բանախոսը:

Մանուկյանը հիշեցրեց, որ նույն կառավարության շենքից այդ օրերի մշակույթի նախարարն ամեն ինչ անում էր, որ Արամ Մանուկյանի արձանը Հանրապետության հրապարակում չկանգնեցվի: «Նա այսօր համարձակվում է արդեն խորհրդարանում օրհներգի` «Մեր հայրենիքի», փոխելու առաջարկի համար ասել, որ «Մեր հայրենիք»-ով նա չի ստանում այն մեսիջները, որ ուզում է ստանալ...: Ամեն մարդու ճաշակով սկսել են վերաձևել մեր ազգային վեհ գաղափարները, ազգային խորհդանիշները: Այսօր, այստեղ հավաքված, հիշելով Արամ Մանուկյանին, նրա մահվան հարյուրերոդ տարելիցի մասին խոսելով` եկեք կրկին անգամ ուխտ անենք, ասելով` սիրելի Արամ, Հանրապետության հիմնադիրներ, անցնող 100 տարվա ընթացքում հայոց պետականության, Հայ դատի համար նահատակված հազարավորներ, մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկի ճաշակով ազգային խորհրդանիշ փոխել»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ 2006-2007 թվականներին էլ այն ժամանակվա իշխանության ճաշակին չէր համապատասխանում «Մեր հայրենիքը»: «Կռիվ տվեցինք այն ժամանակ, հիմա էլ կռիվ կտանք, որովհետև «Մեր հայրենիքը» այն օրհներգն էր, որը կատարվում էր, երբ Արամ Մանուկյանը ղեկավարում էր Վանի ինքնապաշտպանությունը, որը կատարվում էր 1918 թվականի մայիսի 28-ին, որը կատարվում էր մեկ տարի հետո` հունվարի 29-ին Արամ Մանուկյանին վերջին հրաժեշտը տալուց: Ու հատկապես այս տարի` 2019 թվականին, այդ խորհրդանիշները վերաձևախեղելու փորձերը թույլ չենք տա, որովհետև այս տարի լրանում է նաև Միացյալ Հայաստանի հռչակման 100 ամյակը, ու 2019 թվականի մայսի 28-ին նորից կգանք Արամ Մանուկյանի արձանի մոտ` ասելու, որ կարողացանք պարտադրել, թույլ չտվեցինք դիպչել մեր ազգային խորհրդանիշներին»,- եզրափակեց նա: