Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և հասարակական կազմակերպություններին առկայության դեպքում սահմանված կառուցակարգերի շրջանակներում ներկայացնել իրենց կառուցողական առաջարկները Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերաբերյալ: Նախարարությունը միաժամանակ հավաստիացնում է, որ Ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ «Մինչդեռ հարկ է նշել, որ Ռազմավարության նախագծի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին: Մասնավորապես, Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, որպեսզի վերջիններս ներկայացնեն միջոցառումների և ուղղությունների տեսքով առաջարկություններ: Միաժամանակ, վերոնշյալ նպատակով շահագրգիռ կազմակերպությունները հրավիրվել էին նաև Արդարադատության նախարարություն: 2018 թվականի ընթացքում Նախարարությունը երեք անգամ դիմել է ոլորտի հասարակական կազմակերպություններին՝ խնդրելով ներկայացնել նոր ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկությունները, ռազմավարության տեքստային մասում ներառելու նպատակով գործող ռազմավարության վերաբերյալ իրենց գնահատականները, ինչպես նաև հասարակության շրջանում իրականացված կոռուպցիայի հետ կապված հարցումները:
Հատկանշական է, որ առաջարկություններ ներկայացրել են սակավաթիվ կազմակերպություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով 2018 թվականին երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նոր կառավարության ձևավորումը և կոռուպցիայի նկատմամբ դրսևորած բացահայտ անհանդուրժողականությունը՝ ռազմավարության մշակման աշխատանքներն ակտիվորեն վերսկսվել են 2018 թվականի աշնանը:
2018 թվականի դեկտեմբերի 19-ին Նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ մեկնարկել է Ռազմավարության վերաբերյալ քննարկումների շարքը: Դեկտեմբերի 19-ին նախնական տարբերակը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոալիցիայի և այլ հրավիրված ՀԿ-ների քննարկմանը: «Ընդ որում, առաջին անգամ նախագիծը ՀԿ-ների քննարկմանն է ներկայացվել աշխատանքային փաստաթղթի տեսքով՝ մինչև պաշտոնական շրջանառությունը: Նույն օրը նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am կայքում: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ քննարկման դրված նախագիծը հիմնականում պարունակում է ՀՀ միջազգային պարտավորություններից բխող, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված միջոցառումներ: Միաժամանակ, հաշվի առնելով հակակոռուպցիոն ռազմավարության կարևորությունը և առանձնահատկությունը՝ հանրային քննարկման է ներկայացվել նախագծի աշխատանքային տարբերակը, քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակելու և ևս մեկ անգամ լրամշակված նախագիծը քաղաքացիական հասարակության դատին ներկայացնելու ակնկալիքով:
Զուգահեռաբար, հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվել և ներկայումս քննարկվում է ռազմավարության ընդունումը հետաձգել մինչև ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության նոր ծրագրի ընդունումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունվարից մեկնարկելու է մարզային քննարկումների շարքը:
«ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և հասարակական կազմակերպություններին առկայության դեպքում սահմանված կառուցակարգերի շրջանակներում ներկայացնել իրենց կառուցողական առաջարկները: Միաժամանակ հավաստիացնում ենք, որ Ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում»,- հայտնել են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: