կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 17:49
Քաղաքական

Ուզո՞ւմ եք մեր գործունեությունը գնահատել թվերով, ընդունում ենք մարտահրավերը. Դավիթ Խաժակյանը` Մարությանին

Ուզո՞ւմ եք մեր գործունեությունը գնահատել թվերով, ընդունում ենք մարտահրավերը. Դավիթ Խաժակյանը` Մարությանին

Այսօր ավագանու նիստն անցավ փոխադարձ մեղադրանքներով: Հայտնել ենք, որ թեժ բանավեճ տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի և «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի միջև:

Մարությանը Խաժակյանին մեղադրեց 55 հազար դրամ ստանալու և ոչինչ չանելու մեջ: Այս մեղադրանքին անդրադարձավ «Լույս»-ից ավագանու մեկ այլ անդամ Անի Խաչատրյանը: Նա նշեց, որ իրենք այդ 55 հազար դրամով բազմաթիվ գործեր են արել, մասնավորապես` բազմաթիվ տանիքներ են վերանորոգվել, բազմաթիվ ծառեր չեն հատվել և այլն:

«Ես էլ կարող եմ հազարավոր ծառեր նշել, որոնք, այնուամենայնիվ, հատվել են, ամեն մի վերանորոգված տանիքի դիմաց կարող եմ հարյուրավոր տանիքներ նշել, որոնք, այնուամենայնիվ, չեն վերանորոգվել»,- հակադարձեց Մարությանը:

Անի Խաչատրյանն էլ տեղից ընդհատեց Մարությանին` նշելով, որ հիմա հեշտ է խոսել:

«Ինձ դուր է գալիս, որ հեշտ խոսելուց Դուք եք խոսում»,- ասաց Մարությանը: 

Կրկին միջամտեց Խաչատրյանը և պահանջեց, որ թույլ տան իրեն` խոսել:

«Դուք մտնում եք մեջ ու ինձ ասում եք` թողեք ավարտեմ, հետաքրքիր է: էդ 55 հազարի դրամի դիմաց ոչ մի հարց հիմնովին չեք լուծել: Եթե թույլ տաք վերջացնեմ… Ես դա հատուկ ասացի, որ զգամ ձեր ռեկացիան: Տեսնո՞ւմ եք, որ ասելով չի: Ասելու տակ պետք է հասկանաք, թե ինչ եք ասում: Էն, ինչ դուք 55 հազարով էիք անում, ես անվճար էի անում, բազմաթիվ միջոցառումների եմ մասնակցել: Հարյուրավոր մեր քաղաքացիներ դա արել են անվճար»,- հայտարարեց Մարությանը:

Արտահերթ ելույթով հանդես եկավ «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը: «Մեզ էիք ասում` կառուցողական եղեք, բայց Դուք մտնում եք անձնական դաշտ: Ուզո՞ւմ եք մեր գործունեությունը գնահատել թվերով, ընդունում ենք Ձեր մարտահրավերը: Ես խոստանում եմ բոլորիդ, որ ես` որպես ավագանու ընդդիմադիր անդամ, 5 տարի փորձելու եմ դրամ առ դրամ, լումա առ լումա ցույց տալ, թե ինչպես եմ աշխատել: Մենք պետք է այստեղ աշխատանքային քննարկումներ անեինք, բայց Դուք այդ գիծը խզեցիք Ձեր հայտարարություններով»,- շեշտեց ավագանու անդամը:

Մարությանն էլ ասաց, թե Խաժակյանը վաղուց է այդ գիծը խզել: «Երբ խոսքը գնում է կոնստրուկտիվ աշխատանքի մասին, դուք դրա մասին չպետք է խոսեք ընդհանրապես, որովհետև ձեր խմբակցությունն ամեն քայլին խախտում է կոնստրուկտիվ աշխատանքի մեր անդորրը»,- ասաց նա:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանն էլ բանավեճը «ոչ հաճելի» որակեց:  «Կոնստրուկտիվ դաշտ վերադառնանք, երևանցուն հաճելի չէ այն, ինչի մասին եք խոսում, վերադառնանք աշխատանքներին»,- կոչ արեց նա: