Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու նիստը թեժ քննարկումներով է շարունակվում: «Լույս» դաշինքից ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրին: Պատճառը բոլորիս հուզող տրանսպորտային խնդիրն է:
Ելույթում Խաժակյանը նշեց, թե այն, որ նախկին իշխանությունների մեծամասնությունն էր հենց գծատեր, գիտի ամբողջ հանրությունը, այն, որ շարժակազմը գերմաշված է, դա էլ են տեսնում բոլորը, նաև այն, որ մարդիկ շարունակում են երթևեկել «հուսահատության «ԳԱԶել»-ներով»: Նա հարց հնչեցրեց. «Դուք ի՞նչ եք անելու, հարգելի' գործընկերներ, որո՞նք են ձեր պատկերացրած լուծումներն այս մասով»:
Խաժակյանը նշեց, որ անընդհատ խոսում են հնի մասին: Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանն անընդհատ կրկնում էր, որ այս վիճակն իրենք ժառանգություն են ստացել նախորդ իշխանություններից:
«Շատ խոսեցիք, որ սա ժառանգություն է, բայց դա դարձրել եք արդարացում, և ստացվում է, որ ասում եք` չեք կարողանում ինչ-որ բան ավելի լավ անել: Ասում եք` սպասեք երկու տարի, որ ունենանք բարեփոխված համակարգ: Իսկ մինչ այդ ի՞նչ պետք է անեն մեր բնակիչները, սրա լուծման մասին չեք խոսում»,- ասաց նա:
Խաժակյանը շարունակեց. «Դուք ասում եք, որ WYG-ի պայմանագրից կարող եք հրաժարվել, և ասում եք` դա նույնպես ժառանգություն է, մինչդեռ ընտրություններից հետո պետք էր գործել, բայց խոսում եք ժառանգությունից»:
Նա մեջբերեց քաղաքապետի այն հայտարարությւոնը, թե WYG-ին ասել է, որ պետք է ուղևորահոսքի նոր ուսումնասիրություն կատարել: «Հիմա ես փաստով պատասխանում եմ` արդյոք պե՞տք է անել լրացուցիչ հետազոտություն, թե՞ ոչ: Այս սրահում կա՞ մեկը, որ ընթերցել է WYG-ի զեկույցը»,- հարցրեց նա և հավելեց, որ վստահ է` չկա, ու զեկույցից մի քանի մեջբերում արեց:
«Ուղևորահոսքի հետազոտություն արվել է 2018 թվականի հունիսին: Ի՞նչ եք հարցրել դուք, որ նրանք չեն ներկայացրել, ի՞նչ քոմենթներ եք արել, հասկանալի չէ, որովհետև նրանք ամեն ինչ զեկույցում ասել են և որպես եզրափակում գրել` ուղևորահոսքերի հետազոտությունները հանդիսանում են հիմնավոր և կայուն հիմք Երևանի նոր ավտոբուսային ցանցի մոդելավորման և գնահատման համար: Սա WYG-ի վերջին զեկույցի մեջ է, որում ասվում է, որ արված են այդ հետազոտությունները: Այս ամենից հետո ասել, որ երկու տարի է պետք, և ձախողել ամբողջ բարելավման գործընթացը, ճիշտ չէ: Ես` որպես այդ հանձնաժողովի անդամ, վստահեցնում եմ, որ այն աշխատանքը, որ կատարել ենք մենք, ջուրը գցելը նշանակում է, որ մեր տրանսպորտային ցանցը շարունակելու է մնալ կոլապսի մեջ»,- շեշտեց նա:
Խաժակյանը վստահեցրեց` պատրաստ է ցանկացածի հետ վիճել այդ հարցով: «Այս պահին կարող էինք ներդնել ծրագիրը, եթե իհարկե, գլուխ հանեիք այդ տրանսպորտային ցանցից: Ես ցավում եմ, որ, որպես լուծում, ընտրվել է այս նախագիծը փնովելը` հիմնավորումներով, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Շատ ավելի ազնիվ կլիներ ասել, որ չեք տիրապետում այդ նախագծին, տիրապետելու համար ժամանակ է պետք, ժողովո'ւրդ ջան, կներեք, բայց «հուսահատության «ԳԱԶել»-ներից» դեռևս ելք չկա»,- ասաց նա:
Քաղաքապետը հակադարձեց Խաժակյանին. «Ասեմ Ձեզ, որ գլուխ հանում ենք: Ձեզնից շատ եմ ուզում լուծել տրանսպորտային խնդիրը, և եթե Դուք զեկույցներ եք կարդում, ես անձամբ շփվում եմ WYG աշխատակիցների հետ: Այդ զեկույցը գրված է նախորդ իշխանությունների օրոք, և ես հարց տվեցի` իրենք ուզո՞ւմ են փոփոխություն անել, թե՞ ուզում են աչք փակելու համար մի ծրագիր անել: Ինձ ուղիղ պատասխան չտվեցին, բայց ասացին, որ նախորդ իշխանությունները վերապահումներ ունեին: Ես հարց տվեցի` պե՞տք է չափել նոր ուղևորահոսքը, ասացին` այո: Ես հարցրեցի` իսկ ի՞նչ խնդիրներ կունենանք, նրանք ասացին` եթե 20 տոկոս շեղումներ լինեն, կգօտագործենք հին ցանցը, եթե ավելի լինեն, պարտավոր ենք փոխել ամբողջ ցանցը»:
Մարությանը հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, այդ շեղումները չեն լինի, հակառակ դեպքում` չեն հանձնի զեկույցը: Ըստ նրա` այն, որ լրիվ այլ ցանց մշակվի, բրիտանացի մասնագետի ցանկությունն է: «Մենք փորձում էինք համոզել, որ հինը մի կերպ անցկացնենք, մենք ուզում ենք, որ փոխվի օր առաջ, բայց չի կարելի ներդնել մի բան` ասելու համար, թե փոխում ենք, ինչ է, թե ժողովուրդը սպասում է: Ես թույլ չեմ տա, որ 200 միլիոնին մոտ գումար ծախսվի սխալ համակարգի վրա: Այն էլ այն դեպքում, երբ ընկերությունն է ասում, որ սխալ կա: Նրանք են ասում` 20 տոկոս ավելի շեղման դեպքում այդ համակարգը չի աշխատի: Ուզում եք չաշխատող համակա՞րգ»,- Խաժակյանին դիմելով` ասաց Մարությանը:
Խաժակյանն էլ հակադարձեց, որ իր համար անհասկանալի է, որ հոսքի ճշգրտման խնդիրը պատրաստվում են լուծել երկու տարում:
Մարությանն արձագանքեց, որ եթե ընկերությունն անվճար ուզում է անել այդ ճշգրտումը, ուրեմն դրա կարիքը կա, այլապես կասեին ` տվել ենք զեկույցը: «Վստահեցնում եմ` նման ծախս ոչ մի ընկերություն իր վրա չի վերցնի, եթե դրա կարիքը չլինի»,- նշեց նա:
Բացի այդ` Մարությանն ասաց, որ իրենք չեն ընտրել այդ ընկերությանը: «Դա Ձեր ժամանակ էր, պարո'ն Խաժակյան, բա ինչի՞ էր էսքան երկար տևում, բա անեի՞ք»,- հակադարձեց նա:
Խաժակյանն արձագանքեց, որ 2016 թվականից են սկսել աշխատել, և որ երկու տարում նախագիծը պատրաստ է:
«Բա սեղմեիք, սեղմեիք, ասեիք, որ մեզ այդ զեկույցը չբերեին, պարո'ն Խաժակյան, բերեին այն զեկույցը, որով մենք անմիջապես աշխատանքի կանցնեինք: Ես եմ հիմա էլ ձեզ ընդդիմություն»,- ասաց Մարությանը:
Խաժակյանն էլ պատասխանեց, որ զեկույցը պատրաստ է ներդրման, ինչի հետ քաղաքապետը համաձայն չէր: «Սա Ձեր սուբյեկտիվ և, ըստ իս, սխալ կարծիքն է, և ես իրավունք չունեմ հիմնվելու Ձեր սխալ կարծիքի վրա»,- նշեց նա, ապա շարունակեց. «Դուք ստացել եք ամսական 55 հազար դրամ աշխատավարձ ու ոչինչ չեք արել: Ձեր հանձնաժողովը պարապության է մատնված եղել, դուք պետք է ճիշտ աշխատեիք: Այդ դեպքում այսօրվա լրացուցիչ չափումների կարիքը չէր լինի: Հաշվենք` 55 000 անգամ էդ քանի՞ ամիսը»:
«Քուանշ, պարո'ն քաղաքապետ,55 հազարի վրա: Որևէ մեկին հանձնարարեք ձեր աշխատակազմից, պատրաստ եմ բանավիճել ամեն կետում. եթե ասեն` այս բանը չեք արել, կետ առ կետ կբանավիճեմ»,- հակադարձեց Խաժակյանը: