կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 11:13
Քաղաքական

Քուանշ, պարոն գլխավոր դատախազ. Նիկոլ Փաշինյան

Քուանշ, պարոն գլխավոր դատախազ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին զեկույցի քննարկումը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ, նա նշեց, որ իր ելույթն ունի վերնագիր, այն է՝ «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»:

Ապա պատգամավորն ընդգծեց, որ 4 դրվագով քուանշ ունի հայտնելու գլխավոր դատախազին: Առաջինը Փաշինյանը քուանշ հայտնեց դատախազին մարտի մեկի դեպքերի հետ կապված: Պատգամավորն ասաց, որ մարտի մեկի գործով դատախազն ասում է՝ գործով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ 2008թ. մարտի մեկի սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց բռնելուն ուղղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:

«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ: Հիմա ուզու՞մ եք ասել, որ որևէ գործողություն եք կատարում մարտի մեկի դեպքերը բացահայտելու համար: Դուք կարո՞ղ եք ցույց տալ, որևէ քննչական գործի արձանագրություն որտեղ կերևա, որ իրավական համակարգը որևէ գործողություն կատարում է: Դուք այդ հերթապահ նախադասությունը արտասանող 3-րդ գլխավոր դատախազն եք»,- ասաց նա, ապա հավելեց, որ մարտի մեկի սպանությունների չբացահայտման կոդը դրված է այդ քրեական գործի հիմքում, որովհետև բոլոր զոհերը քր. գործում բնորոշված են որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ:

Ապա նա նշեց, որ խոսվում էր, որ «Չերյոմուխա 7» կիրառել է միայն 5 ոստիկան: Նա ասաց, թե ասվում էր, որ հազարավոր վիդեոներ կան, ու՞ր են այդ տեսագրությունները, կորա՞ն: Փաշինյանի երկրորդը քուանշը Սասնա ծռերի դեպքերի վերաբերյալ էր: Նա նշեց, որ Սասնա ծռերի անդամների 90 տոկոսի հարազատների հետ մեկ տարի տեսակցություն չի թույլատրվել:

«Գլխավոր դատախազն ասում է՝ տեսակցության հնարավորության պայմաններում մեղադրյալը կարող է ապօրինի ազդեցություն ունենալ վարույթի իրականացման վրա, որևէ մեկի հանդեպ անձնական հաշվեհարդարի խնդիր չկա: Քուանշ պարոն գլխավոր դատախազ, ինչու՞ որովհետև ձերբակալված մարդկանց մասին օրենքը ասում է, որ այդ տեսակցությունն իրականացվում է հսկողությամբ: Նույն օրենքն ասում է, որ արգելված իրերի ներս բերելը կհանգեցնի տեսակցության վաղաժամ դադարեցման: Եթե տեսակցության ժամանակ օրինակ Ժիրայր Սեֆիլյանի տղան նրան փորձել է ատոմային ռումբ փոխանցել, կհասկանայինք, որ մանկահասակ երեխեքը բերում զենք զինամթերք են տալիս, դրա համար դադարեցնում եք տեսակցությունը»,- ասաց նա, ապա հավելեց՝ դա խոշտանգում է, երբ մանկահասակ երեխային չեն թողնում տեսակցել ծնողի հետ:

Հաջորդը դրվագը վերաբերում էր Անդրեաս Ղուկասյանին: Ըստ պատգամավորի՝ իրենց խմբակցությունը միջնորդել է, որպեսզի իրենց երաշխավորությամբ Անդրեաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվի:

«Գլխավոր դատախազն ասում է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները Անդրեաս Ղուկասյանին մեղսագրվող արարքներն ու դրանց հանգամանքներն այնպիսին են, որ անձնական երաշխավարությունը մեզ հնարավորություն չի տալիս հավատալու նրան, և որ նրա խափանման միջոցը կալանքի տակ պահելը դրանով է պայմանավորված եղել: Քուանշ պարոն գլխավոր դատախազ: Մենք գնացել տեսել ենք Ղուկասյանին, նրան բացատրել ենք իրավիճակը, ասել ենք՝ մեզ վրա պարտավորություն է դրված, մարդն ասում է, այո, բոլոր կանչերով կներկայանամ, չեմ խոչընդոտի նախաքննությանը, որովհետև ձեր առաջ է իմ պարտականությունը ոչ թե նախաքննության մարմնի: 9 պատգամավորի ասածը ձեզ համար երաշխիք չի, բա ու՞մ ասածն է երաշխիք: Ձեր ասածն էլ մեզ համար երաշխիք չի, դուք օրենքով չեք առաջնորդվում: Ձեր համակարգի գոյությունը մեր համար երաշխիք չի, որովհետև ՀՀ-ում օրենք չի գործում»,- ընդգծեց նա:

Պատգամավորի նշած 4-րդ դրվագը հաց բերող Արթուր Սարգսյանի հետ էր կապված՝ ով ազատվեց կալանքից, հետո նորից կալանավորվեց:

«Ահազանգ եղել էր, որ մարդը մահանալու է: Այդ իրավիճակը հասկանալու համար պետք չէր ոչ փորձագետ լինել, ոչ բժիշկ: Իսկ գլխավոր դատախազն ասում է, թե դատախազության կամ քննչական մարմինների գործողությունները չէ, որ հանգեցրել են Արթուր Սարգսյանի մահվան: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ: 2016 թվականի դեկտեմբերին Հաց բերողը ազատ է արձակվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Եթե մարդուն կալանքից ազատում եք, ինչու՞ եք նորից կալանավորում: Պարզ էր, որ այդ մարդը առողջական խնդիրներ ունի, ինչու՞ էր նորից փորձաքննություն ուղարկում, պարզ է անձնական հաշվեհարդարի համար»,- ասաց նա, ապա շարունակեց. «Մարդը հերոս էր դարձել, ինչու՞ պետք է ուրիշ հերոս լիներ, այդ պատճառով էլ նորից կալանավորվեց: Բա եթե սխալ էր առաջին եզրակացությունը, ուրեմն ստել է միջգերատեսչական հանձնաժողովը, նրանց դատապարտե՞լ եք: Մարդն էլ հացադուլ է հայտարարել և ասել է, որ եթե առողջ եմ, հացադուլ եմ անում: Հետո մեր միջնորդությունը հաշվի առավ, որովհետև վերջ, այս մարդը մեռնելու է, թող գնա ազատության մեջ մեռնի: Հետո նորից փորձաքննություններ կնշանակենք, մինչև բոլորը կմոռանան այս մասին»:

Ապա Փաշինյանն անդրադարձավ դատախազի այն հայտարարությանը, թե դատախազությունում կոռուպցիան զրոյացվել է:

«Այստեղ չեմ կարող ասել, քուանշ պարոն գլխավոր դատախազ: Այստեղ պիտի ասեմ քարփինջը կապույտ»: