կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-22 19:12
Քաղաքական

Խորհրդարանի պատերից դուրս է ձեւավորվելու հիմնական ընդդիմությունը

Խորհրդարանի պատերից դուրս է ձեւավորվելու հիմնական ընդդիմությունը

 Այն, որ Ազգային ժողովում մեկ քաղաքական ուժ ունի ձայների սահմանդրական մեծամասնություն, դրանից որեւէ լավ բան պետք չէ սպասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

«Այն, որ մեկ քաղաքական ուժ ունի ձայների սահմանդրական մեծամասնություն, հղի է քաղաքական մենիշխանության վտանգով, դրանից որեւէ լավ բան պետք չէ սպասել, քանի որ մեր երկրի խնդիրների խնդիրը եղել է քաղաքական մենիշխանությունը, որը բերել է տնտեսական մոնոպոլիայի, ինչն ի վերջո երկրի անարդյունավետ կառավարման է հանգեցրել»,-նշեց նա։

Արսեն Համբարձումյանը թերահավատ է, որ նոր իշխանությունները կկարողանան լիարժեք իրականացնել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ դիմագրվել մարտահրավերներին, քանի որ կան օբյեկտիվ դժվարություններ։ «Այնպես չէ, որ նախորդ իշխանությունների կողմից չի եղել ցանկություն այդ խնդիրները լուծելու։ Այս օբյեկտիվ դժվարությունները լուծելու համար անհրաժետ է կադրային ներուժ, բավարար գիտելիք, փորձ, համապատասխան ծրագրեր եւ կամք այդ ամենը իրականացնելու համար։ Այս պահին ես լավատեսության համար բավարար հիմքեր չունեմ»,- նշում է նա։

ՀՅԴ ԳՄ անդամը համոզված է՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը կադրային ներուժով ու գաղափարախոսությամբ ի վիճակի չեն խորհրդարանի ներսում ընդդիմության դերը ստանձնել եւ անխուսափելիորեն խորհրդարանի պատերց դուրս է ձեւավորելու հիմնական ընդդիմությունը։

Արսեն Համբարձումյանը չի կարծում, թե խորհրդարնում ներկայացված չլինելը կարող է էական ազդեցություն ունենալ ՀՅԴ գործունեության վրա։ «Խորհրդարանական ընտրություններով մեզ համար ոչինչ չի ավարտվում կամ սկսվում։ Մենք շարունակելու ենք մեր օրակարգերին հարազատ մնալով մեր քաղաքական գործունեությունը իրականացնել՝ մեր ազգային օրակարգերը եւ սոցիալ–տնտեսական քաղաքականության հետ կապված օրակարգերը, դրանց առաջմղման ուղղությամբ փորձելու ենք ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել իբրեւ արտախորհրդարանական ուժ։ Դրա հնարավորություններն ու կարելիությունը մենք հստակ պատկերացնում ենք։ Չեմ բացառում, որ ազգային հարցերի շուրջ ազգային ճակատ ձեւավորելու անհրաժեշտություն առաջանա։ Նույն սահմանադրությունը հնարավորություն տալիս է խորհրդարանում ներկայացված չլինելով այդ գործունեությունը իրականացնել, որովհետեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը կադրային ներուժի ու գաղափարախոսության իմաստով ի վիճակի չեն խորհրդարանի ներսում ընդդիմության դերը ստանձնել եւ անխուսափելիորեն խորհրդարանի պատերց դուրս է ձեւավորելու հիմնական ընդդիմությունը»։

Նրա խոսքով՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության ձեւաչափերը կախված են, թե իրենց համար կարեւոր օրակարգերի շուրջ կձեւավորի արդյոք համաձայնություն։ «Այլ քաղաքական ուժերի հետ քննարկումներ չեն եղել, դեռ ներքին քննարկումների մեջ ենք։ Առաջիկայում կարեւոր ժողովներ ունենք, որոնց ժամանակ մեր առաջիկա գործունեության մարտավարությունն ու ռազմավարությունը հստակեցնելու խնդիր ունենք։ Մեր գործունեությունը կաշկանդված չի լինելու, մեր անելիքները հստակ տեսնում ենք եւ մեր քայլերը պլանավորում ենք»,- եզրափակեց նա։