Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից փորձեցին պարզել՝ ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է նրա ընտանիքի անդամների օֆշորային ընկերություններով. նրա հորեղբոր կինը, որը 79 տարեկան է, օֆշորային ընկերություն ունի, նախկին իշխանության տարիներին 335 հազար դոլար տուգանվել է ԱՄՆ-ի կողմից անօրինական գործարքների համար: Հարցին ի պատասխան` ԱԱԾ տնօրենը հաստատեց՝ այո, իր հորեղբոր կինը՝ Զեմֆիրա Վանեցյանը, օֆշորում գրանցված բիզնես ունի:
«Իմ հորեղբոր կինը ՀՀ-ում չի բնակվում 1989-ից։ Ես բիզնես չունեմ, խոշոր գործարար է եղբայրս՝ Կարեն Վանեցյանը, ով նույնպես ՀՀ քաղաքացի չէր, նա ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Նա ևս բիզնես գործունեություն չի ծավալում ՀՀ-ում»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր եղբայրները խոշոր գործարարներ են, իսկ բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում, Իրաքում, Իրանում, Սերբիայում, և հետաքննող լրագրողները կարող են հետաքննել նրանց գործունեությունը։
Ըստ Վանեցյանի՝ «օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ, այլ բիզնես գործիք, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից»։
Այս համատեքստում նա, սակայն պնդեց, որ «Գոլդեն փելեսը» օֆշորային ընկերության վրա էր գրանցված, և սա այն դեպքն է, որ հանցագործություն է, քանի որ գրանցել են օֆշորում, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը:
«Պարզվեց, որ սեփականատերն իր որդին է ու մայրը: Գույքի ձեռք բերման միջոցները պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ու պարոն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը: Դա, իհարկե, մեղմացուցիչ հանգամանք է, քննությունը վերջնական կիրականացվի: Պարոն Ավետիսյանը պետգույքի կառավարման վարչությանը դիմել է, գործը վերջում կարճվելու է, բայց չեմ կարող ասել, որ հիմքով»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ ինքը կողմնակից է, որ մարդը պետությանը փոխհատուցի հասցրած վնասները և ազատվի պատժից:
Իսկ թե նույն տրամաբանությունը գործելո՞ւ է Ալեքսանդր Սարգսյանի դեպքում, երբ ՀՔԾ-ում գործ է քննվում, Վանեցյանն կրկնեց. «Ես կողմնակից եմ, որ պետությանը հասցված վնասը փոխհատուցվի, վերականգնվի, ու մարդն ազատվի պատժից, եթե մարդու կյանքին վնաս չեն տվել: Այդ դեպքում արդարացնող հիմքով չեն ազատվում, տարբեր հիմքեր կան»:
Անդրադառնալով Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանին` Վանեցյանն ասաց, որ նա առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կողմից «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու հանգամանքին, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ նախկինում էմոցիոնալ ձևակերպում է տվել՝ ասելով, թե «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել կաշառք տալով, մինչդեռ պետք է ասեր ապօրինի ձեռք բերված գումարների միջոցով: «Գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, եւ առաջիկայում այդ գործով կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,- հավելեց ԱԱԾ տնօրենը: