կարևոր
3490 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-24 19:04
Քաղաքական

Ադրբեջանի պահանջների մեջ կա՞ն անկլավների ու ՀՀ-ում՝ ադրբեջանցիների բնակվելու հարցեր․ Վարդանյան

Բանակցություններից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ամենակարեւոր կետը, որտեղ չկա ըմբռնում, Արցախի կարգավիճակի հարցն է: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Բայց հարցն էսպիսին է՝ կա՞ն արդյոք Ադրբեջանի կողմից պահանջներ Հայաստանին վերաբերող, որոնք ձեզ համար ընդունելի են կամ ընդունելի չեն: Արդյոք ադրբեջանական պահանջների մեջ կա ռեպարացիաների հարց, արդյոք այդ պահանջների մեջ կա այսպես կոչված, անկլավների վերադարձի հարց, արդյոք այնտեղ կա ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու պահանջ: Ասում եք բանակցությունների հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է, արդյոք դուք այդ հիմքը վերցրել եք նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի վերապահումով, թե ոչ»,-ասաց նա՝ իր հարցերն ուղղելով ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանին:

Նախարարն ի պատասխան ասաց. «Ես հույս ունեմ, տիկին պատգամավոր, որ դուք շատ լավ հասկանում եք բանակցային գործընթացը որքանով կարող է լինել հրապարակային, որքանով՝ ոչ, երբ խոսում եք հայ ժողովրդի՝ բոլոր դետալներին տեղյակ լինելու մասին։ Մենք էլ բանակցում ենք մեր պատկերացումների, ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Բնականաբար, չի կարող ամեն տառը հրապարակային դարձնել: Ինչ վերաբերում է ձեր տված հարցերին, ուրիշ ի՞նչ կարող եք հուշել, բազմաթիվ են դեպքերը, որ «նավոդկաներով» համագործակցաբար աշխատում եք»:

Քրիստինե Վարդանյանը տեղից ասաց. «Ձեզնից լավ «նավոդկա տվող չկա, ի՞նչ եք ձեզ թույլ տալիս», ինչին ԱԳ նախարարն արձագանքեց. «Չեք ամաչո՞ւմ»: