կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 11:58
Քաղաքական

ԼՂ խնդրի հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են. Մնացականյան

ԼՂ խնդրի հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են.  Մնացականյան

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի և Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ՝ այդ առումով կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարնական կապերի աշխուժացումը։

Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Աբելան կարևորել են տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությունը՝ որպես արժեքավոր հարթակ առանձնացնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործընկերությանը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդհանուր գործընկերության համաձայնագիրը կարևոր գործիք է Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ զարգացնելու ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն, ինչպես նաև խթանելու Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Կարմելո Աբելային ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը: