կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 11:22
Քաղաքական

Գագաթնաժողով չի կայացել. ՀԱՊԿ-ում մեկնաբանեցին Լուկաշենկոյի հայտարարությունը

Գագաթնաժողով չի կայացել. ՀԱՊԿ-ում մեկնաբանեցին Լուկաշենկոյի հայտարարությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է լինելու:

«Մենք ինքնաբերաբար, ասես, ՀԱՊԿ նիստ անցկացրեցինք և որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,- ասել էր նա Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո:  

Հստակեցնող հարցին ի պատասխան` Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է լինելու:

Ավելի ուշ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը  հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասել էր նա։

Yerkir. am-ն այսօր փորձեց այդ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարից, որի հետ, սակայն չհաջողվեց կապ հաստատել:

Իսկ ՀԱՊԿ մամուլի ծառայությունից մեզ հետ զրույցում ասացին, որ տեղին կլինի մեկնաբանություն ստանալ Լուկաշենկոյի մամուլի քարտուղարից` միևնույն ժամանակ նշելով, որ գագաթնաժողով չի եղել:

Հստակեցնող հարցին` եթե գագաթնաժողով չի կայացել, կարելի՞ է ենթադրել, որ հարցը լուծված չէ, հետևեց լռություն: