կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 17:49
Առանց Կատեգորիա

ՀՅԴ-ն ողջամիտ և իրականանալի պատկերացումներ ունի մեր կյանքի բոլոր ոլորտների և խնդիրների մասին

ՀՅԴ-ն ողջամիտ և իրականանալի պատկերացումներ ունի մեր կյանքի բոլոր ոլորտների և խնդիրների մասին

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայի բաժնի պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նաիրա Ղազարյանը:

- Ինչո՞ւ եք որոշել ՀՅԴ ցուցակով առաջադրվել պատգամավորության թեկնածու:

- Դաշնակցությունը, որի անդամ եմ արդեն մոտ 3 տասնամյակ, առաջադրել է ինձ թիվ 1՝ Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան ընտրատարածքից՝ որպես վարկանիշային թեկնածու: Անցած տարիների ընթացքում թեև միշտ եղել եմ ակտիվ կուսակցական, ավելին` մոտ 10 տարի ղեկավարել եմ Դաշնակցության քույր կառույց Հայ օգնության միության «Սոսե» մասնաճյուղը, սակայն իմ հիմնական գործունեությունը եղել է կրթության, ավելի ստույգ՝ բարձրագույն կրթության բնագավառում: 20 և ավելի տարիներ տևած և տևող իմ դասախոսական, իսկ այժմ` նաև վարչական աշխատանքի բերումով (ղեկավարում եմ բուհի ասպիրանտուրայի բաժինը), հասցրել եմ մոտիկից ճանաչել թե՛ բուհական և հետբուհական կրթության ձեռքբերումները, թե՛ շտկման ու անհետաձգելի լուծման կարոտ խնդիրները: Այս ընթացքում շփվելով հազարավոր ուսանող երիտասարդների հետ՝ կարծում եմ, որ լիարժեք կարծիք եմ կազմել մեր հասարակության այս կարևոր հատվածին հուզող հիմնախնդիրների մասին: Մշտապես եղել եմ իմ ուսանողների կողքին, շրջապատված եղել նրանցով ու հնարավորինս հետամուտ եղել նրանց խնդիրների լուծմանը:

ՀՕՄ-ում հասարակական գործունեություն ծավալելու ընթացքում ես է՛լ ավելի մոտիկից եմ շփվել մեր հասարակության, ինչպես ընդունված է ասել, առավել խոցելի (թեև այս բնորոշումը չեմ սիրում) խմբերի հետ` մանկատների ու գիշերօթիկ դպրոցների սաների, ծերերի ու անպաշտպան թոշակառուների, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների…

Այս ցուցակը, ցավոք, դեռ շատ ընդարձակ է մեր իրականության մեջ, և այստեղ ևս փորձել եմ հնարավորինս ակտիվ ու նախաձեռնող լինել: Ես մտածեցի, որ անելիք և ասելիք կունենամ հետագայում ևս, և պատրաստակամությամբ ընդունեցի իմ կուսակցության առաջարկը՝ պայքարել մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ընդգրկվելու և առավել արդյունավետ աշխատելու համար:

- Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում:

- Այս առումով երկու կարծիք լինել չի կարող: Դաշնակցության՝ հայոց խորհրդարանում ներկայացված լինելու անհրաժեշտությունը նույնիսկ քննարկման ենթակա չէ, և դրա համար կան մեծ թվով հիմնավորումներ, որոնց բոլորի թվարկումը շատ ժամանակ կպահանջեր: Նշենք միայն, որ ՀՅԴ-ն իր տեսակի մեջ եզակի կուսակցություն է՝ իր գաղափարախոսության ոչ միայն ընդգծված ազգային, այլև համամարդկային էությամբ: Նկատի ունեմ ոչ միայն նրա գաղափարախոսության սոցիալիստական մտածողության բաղադրիչը, այլև նրա նորացված, ժամանակի մարտահրավերներին համաշունչ գործունեությունը, երբ ՀՅԴ-ն իր հստակ քաղաքականությունն ու իրատեսական լուծումներն է առաջարկում մեր երկրում տնտեսական բարեփոխումների, սոցիալական խնդիրների լուծման, մշակույթի ու ազգային հոգևոր արժեքների պահպանման ու զարգացման գործում: Հաստատապես կարող ենք ասել ու պնդել, որ ՀՅԴ-ն ողջամիտ և իրականանալի սկզբունքներ ու պատկերացումներ ունի մեր կյանքի բոլոր ոլորտների, մասնավորապես` կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, նոր տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ բնագավառների խնդիրների մասին: Այդ ամենից բացի` Սփյուռքի կառույցների հայրենանպաստ ու հայանպաստ աջակցությունը: Հայոց խորհրդարանում Դաշնակցության ներկայության անհրաժեշտության հիմնավորումները բազմաթիվ են, և բոլորի թվարկումը երկար ժամանակ կպահանջեր:

- Ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու խորհրդարանում, եթե ընտրվեք:

- Անդրադառնալով անձամբ ինձ՝ իբրև ԱԺ պատգամավորության վարկանիշային թեկնածուի, կարող եմ ասել, որ էությամբ բավականին ակտիվ անձնավորություն եմ` մարտնչող խառնվածքով, չգիտեմ դա լավ է, թե` վատ, բայց երևի լավ է: Այսինքն՝ եթե ես ունեմ լուրջ ու հիմնավորված համոզմունք, ես ի վիճակի եմ կռիվ տալ այդ համոզմունքի համար: Ես չեմ վախենում ոչ ոքից ու ոչնչից, թեև էմոցիոնալ մարդ եմ, սակայն ի վիճակի եմ զսպել էմոցիաներս և բանավեճ վարել ու չընկրկել գռեհիկ մրցակցի առջև: Ընդունեք, որ սա, իրոք, կարևոր է խորհրդարանի պատգամավորի և հատկապես՝ կին պատգամավորի համար:

Ինչ մնում է ընտրվելու դեպքում գործունեության կոնկրետ տեսակին, ապա ես ինձ տեսնում եմ մի քանի բնագավառներում, իհարկե՝ ոչ միաժամանակ: Օրինակ` ինձ տեսնում եմ սոցիալական խնդիրների լուծման շրջանակում, քանի որ ունեմ երկարամյա փորձ ու նախորդ գործունեությունից քաղված հմտություններ, ինձ տեսնում եմ նաև կանանց իրավունքների ու մայրության հիմնախնդիրների քննարկման ու լուծման, ինչպես նաև՝ քաղաքականության մեջ կանանց ընդգրկվածությունն ու մասնակցությունը կարգավորելու ուղիների քննարկման գործընթացներում (այս առումով ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել Հայաստանում Բրիտանական խորհրդի «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի աշխատանքներում և ձեռք եմ բերել որոշակի փորձ և հմտություններ):

Իբրև երկարամյա գիտամանկավարժական գործունեություն իրականացրած դասախոս՝ ես լավատեղյակ եմ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներին և դրանցից բխող՝ նաև ուսանող երիտասարդության բազմաբնույթ պրոբլեմներին, և այստեղ ևս կարծում եմ ասելիք ու անելիք կարող եմ ունենալ:

Եվ, իհարկե, իբրև քաղաքականության մեջ միշտ ակտիվ դիրքորոշում ունեցած կուսակցական, ես կարող եմ լինել մեկն իմ պետության դիրքորոշումներն ու մարտահրավերները ներկայացնող մարդկանցից, եթե լինի նման անհրաժեշտություն և գործընկերներիս կողմից ինձ վրա դրված նման պարտականություն. Ի վերջո, մասնագիտությամբ հասարակագետ եմ, մշակութաբան, որի պաշտամունքը բարձրակարգ հոգևոր և ազգային արժեքներն են, և խոսում եմ երեք օտար լեզուներով:

ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում նշված բնագավառներից որ մեկում էլ գործելու պարտավորություն ստանձնելու լինեմ, թեկուզ` ընդամենը ամենաշարքային կատարողի կարգավիճակում, վստահեցնում եմ՝ անելու եմ առավելագույնը ու անպայման հաջողելու եմ, քանի որ ունեմ բազմաթիվ հետաքրքրական և, իմ կարծիքով, օգտակար գաղափարներ ու պատկերացումներ, որոնք իմ ընկերների ու գործընկերների ամենախիստ դատին ներկայացվելուց և նրանց հավանությանն արժանանալուց հետո կյանքի կկոչվեն և անպայման կլինեն ազգանպաստ ու մարդակենտրոն:

Մ.Մ.