Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում վերջին շրջանում ամենևին էլ մթնոլորտը թատերական չէ: Թատրոնի փոքրաթիվ` 19 հոգանոց դերասանական կազմն արդեն մի քանի ամիս է, ինչ դժգոհում է թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանից: Չալդրանյանի` թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվելու օրվանից իսկ, թատրոնի դերասանական կազմը դժգոհ էր, ավելին` դերասանները հանդիպել են նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, ով էլ ժամանակ է խնդրել` Չալդրանյանին ճանաչալու, նրա հետ աշխատելու համար: Սակայն դժգոհությունների կծիկը գնալով ավելի է հաստացել ու հասել նրան, որ թատրոնի դերասանական կազմն այսօրվանից անժամկետ գործադուլ է հայտարարում` պահանջելով Չալդրանյանի հրաժարականը: Ի դեպ, Չալդրանյանը երկու օր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին: Դերասանական կազմը դեմ է նաև Շահվերդյանի պաշտոնավարմանը, քանի որ երկուսն էլ, դերասանների կարծիքով, թատրոնի հետ որևէ կապ չունեն: Դերասանները թատրոնի տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանին, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին: Նախօրեին դերասանները և Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, և հանդիպման արդյունքում Չալդրանյանը որոշել է հրաժարվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ` թատրոնում մնալով միայն որպես տնօրեն: Նախօրեին դերասանները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որից առաջ Չալդրանյանը վերջիններիս տեղյակ է պահել, որ նոր գեղարվեստական ղեկավար ունեն: Դերասանների հավաստմամբ` Շահվերդյանին այդպես էլ Չալդրանյանը չի ներկայացրել դերասանական կազմին:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի դերասաններից Արման Նավասարդյանը նշեց, որ այս թոհուբուհի մեջ Չալդրանյանի կողմից գեղարվեստական ղեկավար նշանակելու քայլը կամայականություն է համարում: Նավասարդյանին տարօրինակ է թվում թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարի հայտարարությունը, որ եթե դերասանները շարունակեն իրենց նման կերպ պահել, ինքը նոր թիմ կհավաքի:
«Թվում է` թատրոն պետք է գար մեկը, ով կմտածեր թատրոն կառուցելու, թատրոնը նոր որակի հասցնելու մասին, սակայն այդ մարդը որոշել է կազմաքանդել թատրոնը: Ի՞նչ է նշանակում եկած-չեկած նման հայտարարություններ անելը: Ո՞վ է նա, որ իմ ու իմ ընկերների համար, որոնք թատրոնի վերածնունդի ակունքներում ենք կանգնած եղել, նման հայտարարություններ անի: Թատրոնը ծնվել է 1991-ին, վերածնվել` 1999-ին, քանի որ երբ մենք մեր կուրսով եկանք թատրոն, խաղացանկում գրեթե ներկայացում չկար: Հիմա ո՞վ է Սուրեն Շահվերդյանը, որ ինձ` որպես թատրոնի բնակչի, նման սպառնալիք է հնչեցնում: Սա թատրոն կառուցողի հայտարարություն չէ, թատրոն քանդողի հայտարարություն է: Սոսի երեխեքին պատժողն ո՞վ է»,-ասաց Նավասարդյանը:
Մինչ Շահվերդյանի նշանակումը, սակայն, դերասանները նամակով դիմել էին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, հետո հանդիպել նրա հետ: Նախարարը հանդիպել է նաև Չալդրանյանի հետ, բայց դրան հաջորդել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահը, հետո արդեն Մակունցի` արձակուրդ գնալն ու քարոզարշավի մեկնարկը: Նախարարի փոխարեն` փոխնախարար Նազենի Ղարիբյանն է օրերս ընդունել ինչպես դերասանական կազմին, այնպես էլ Չալդրանյանին: Ղարիբյանն ասել է, որ անօրինական է, որ Չալդրանյանը և՛ թատրոնի տնօրենն է, և՛ գեղարվեստական ղեկավարը: Չալդրանյանն էլ հաջորդ օրը որոշել է հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից և Սուրեն Շահվերդյանին է նշանակել թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Արման Նավասարդյանը զարմացած է նաև մշակույթի փոխնախարարի` կայքերից մեկի հետ զրույցի ժամանակ տված մեկնաբանության համար. Նազենի Ղարիբյանն ասել է` ևս մեկ անգամ կզրուցի երկու կողմերի հետ, և եթե համաձայնության չգան, թատրոնը կգնա լուծարման: «Մեծ ցավ կապրեմ երկրի համար, եթե նման տեսակ որոշում կայացվի: Ես հույս ունեմ, որ այդ ժամանակ արդեն իսկ միայն մենք չէ` բոլոր թատրոնները կմիանան մեզ և կպայքարենք այս որոշման դեմ, քանի որ մեկ անձի` Վիգեն Չալդրանյանի պատճառով չի կարելի թատրոն լուծարել: Ինչպե՞ս կարելի է մեկի պատճառով կործանել մի ամբողջ թատրոն, մի ամբողջ կոլեկտիվ, այսքան տարիների վաստակ ու պատմություն»,-ասաց Նավասարդյանը:
Հարցին, թե ո՞րն է գլխավոր պատճառը, որ այդպես էլ Չալդրանյանի հետ չեն կարողանում «լեզու գտնել»` Նավասարդյանը պատասխանեց, որ գլխավոր պատճառը մեկն է` Չալդրանյանը թատրոն ղեկավարել չի կարողանում.«Իրականում պատճառներն այնքան դետալային են, որ ես կարող է մի ժամ դրանց մասին խոսել:
Թատրոնի դերասաններից Ստեփան Ղամբարյանի խոսքով էլ իրենք դժգոհ են, քանի որ տեսնում են, թե ինչպես է թատրոնն առաջ գնալու փոխարեն` անդադար հետ գնում: «Թատրոնն առաջ գնալու փոխարեն` առաջ է գնում Չալդրանյանն` իր ամբիցիաներով, իր էգոիզմով: Անգամ ներկայացումներն է այնպես բեմադրում, որ դա լինի ոչ թե դերասանական ներկայացում, այլ ռեժիսորական: Երկու տարի շարունակ մենք պայքարելով, փորձելով միասին լուծումներ գտնել` այդպես էլ չեկանք ընդհանուր հայտարարի և մնացինք մեր կարծիքին, որ նա չպետք է լինի մեր թատրոնի ղեկավար: Չալդրանյանը թատրոնը չի ճանաչում, թատրոնի մասին տեղեկություն չունի, և առավել ևս չի ճանաչում Համազգային թատրոնը: Եթե մի մարդ նման արտահայտություն է անում, թե` ձեր թատրոնը դեմք չունի և իմ գալով` թատրոնը կունենա դեմք և թատրոնին այսուհետ լուրջ կվերաբերվեն, նման մարդուց պետք է փախչել: Նա հաշվի չի առնում, որ ինքն է եկել մեզ մոտ, մենք չենք գնացել նրա մոտ»,-ասաց Ղամբարյանը:
Նրա խոսքով` Համազգային մի թատրոն է, որտեղ հայ թատրոնի մեծություններն են հանդես եկել` Գալյա Նովենց, Կարեն Ջանիբեկյան, Մայիս Կարագյոզյան, Դավիթ Հակոբյան, Կարինե Ջանջուղազյան… Իսկ թատրոնը վերածնվել է իրենց` Սոս Սարգսյանի ուսանողների շնորհիվ: «Չալդրանյանը եկավ ու սկսեց քանդել ամեն ինչ: Մենք գնալու ենք մինչև վերջ և ամեն ինչ անելու ենք օրինական ճանապարհով»,-ասաց դերասանը:
Վիգեն Չալդրանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն իսկ քայլ արել է` մասնակիորեն բավարարելով դերասանական կազմի ցանկությունը` հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Սակայն, նրա խոսքով, ինքն էլ ունի անուն, արժանապատվություն և վիրավորական է իր համար այս իրավիճակը: «Ինձ ասացին` բա չե՞ս վախենում, որ մենք շատ ենք ու կարող ենք քո անունն արատավորել: Այո, վիրավորական է, որ դու ծառայել ես քո երկրին, նվիրվել արվեստին, չես գնացել երկրից, շատ բաներ զոհաբերել ես`վասն քո առաքելության և թատրոնի: Չեմ կարծում, որ այսօր ես արժանի էի նման վերաբերմունքի»,-ասաց Չալդրանյանը:
Ինչ վերաբերում է թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու հետ կապված դժգոհությանը, ապա, Չալդրանյանի խոսքով, ինքն ամեն ինչ արել է օրենքի շրջանակում, ըստ որի` թատրոնի տնօրենը նախարարության հետ համաձայնեցնելով կարող է նշանակել գեղարվեստական ղեկավար: Սուրեն Շահվերդյանն էլ, Չալդրանյանի գնահատականով` այն մարդն է, ով ունի ձեռագիր ու անցած ուղի:
Հարցին, թե թատրոնի ներսում չկայի՞ն մարդիկ, որ կարող էին նշանակվել գեղարվեստական ղեկավար (խմբ.`թատրոնի դերասանական կազմն այդ պաշտոնին Նարինե Գրիգորյանին է տեսնում)` Չալդրանյանը պատասխանեց, որ Նարինե Գրիգորյանն իր կարծիքով էլ տաղանդավոր դերասան է, սակայն լինել տաղանդավոր դերասան` չի նշանակում լինել նաև լավ գեղարվեստական ղեկավար: «Պատահական ու անծանոթ, անուն չունեցող մեկը չէ Սուրեն Շահվերդյանը: Կարծում եմ` եթե նրա փոխարեն մեկ ուրիշին նշանակեի, նորից նույնն էր լինելու, քանի որ նրանց օրինական կողմը չի հետաքրքրում, ուզում են իրենց պահանջով լինի ամեն ինչ: Շահվերդյանն այսօր մեկ-մեկ փորձում է կապ հաստատել դերասանների հետ ու զրուցել նրանց հետ: Փորձում ենք ինչ-որ կերպ լուծել հարցը»,-ասաց Չալդրանյանը:
Ի դեպ, լուրեր էին շրջանառվում, որ Չալդրանյանին թատրոնի տնօրենի պաշտոնում են նշանակել, քանի որ վերջինս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերն էր: Չալդրանյանն անդրադառնալով այս խոսակցություններին` նշեց, որ մի անգամ է տեսել Կարապետյանին, այն էլ` երբ արդեն իսկ գեղարվեստական ղեկավար էր.«Այս ի՞նչ խոսակցություններ են: Սա նշանակում է` Չալդրանյանը չուներ կենսագրություն և այնպիսի մեկն էր, որ իրեն պետք է ծանոթո՞վ նշանակեին: Ծիծաղելի է»:
Խոսելով նաև մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հայտարարության մասին, որ ևս մեկ անգամ երկու կողմի հետ էլ զրույցի արդյունքում, եթե հաշտության չգան, թատրոնը լուծարման կգնա` Չալդրանյանը պատասխանեց, որ չի կարող նման բան լինել: «Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ բանը դրան չհասնի: Սուրենը շատ կտրուկ է դրել հարցը` եկեք համախմբվենք ու այս ճգնաժամից դուրս գանք: Այն, որ ասել է` եթե դերասանական կազմը համաձայնության չգա ինձ հետ, նոր թիմ կբերեմ, զգացմունքային արտահայտություն է եղել: Ո՛չ Սուրեն Շահվերդյանը, ո՛չ էլ ես կողմ չենք թատրոնի լուծարմանը, ինչի համար էլ Շահվերդյանն այսօր արդեն իսկ բանակցություններ է վարում դերասանների հետ: Թատրոնը չի կարող լուծարվել, չի կարող թատրոնի կառույցից մի քար անգամ պակասել»,-ասաց Չալդրանյանը:
Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրեցին, որ նախարարությունն այս պահին քննարկում է թատրոնում տիրող իրավիճակը, հնարավոր ելքերը և առաջիկայում կհայտնի իր տեսակետը:
Կարինե Հարությունյան