կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-29 20:57
Իրավական

Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին

Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին: Փաստաբանները բողոքարկել էին Առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ին կայացրած որոշումը՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է այն պատճառով, որ ինքը չի հասցրել ավարտել բողոքի ներկայացումը: «Ես իմ բողոքը սկսեցի ներկայացնել, բայց ավարտին չհասա»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ, նոյեմբերի 29-ին կայացած նիստի ընդմիջմանը Քոչարյանի պաշտպանը նշել էր. «Որպեսզի դատարանն իրավունք ունենար կալանավորեր Ռոբերտ Քոչարյանին, նա պետք է ապացուցված համարեր, որ Քոչարյանն այս գործով չպիտի օգտվեր անձեռնմխելիությունից: Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, ապա նոր դրանից հետո պետք է քննարկվեր, թե արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ պարոն Քոչարյանը կատարել է  այն ամենն, ինչն իրեն մեղսագրվում էր: Եթե այդ հիմնավոր կասկածը չկա, էլի ոչինչ չի քննարկվում, նա պետք է բաց թողնվի: Եթե հիմնավոր կասկածն առկա է, ապա դրանից հետո պետք է քննվեր այն, թե պարոն Քոչարյանն ազատության մեջ հնարավոր է թաքնվեր կամ գործին խոչընդոտեր: Այս ամեն ինչից դատարանը ոչինչ հաշվի չի առել»,-  նշել էր Հայկ Ալումյանը: Նա ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսային զրույցը հրապարակվելուց հետո առաջ եկան նոր հանգամանքներ: Եվ դրանք հաշվի առնելով՝ փաստաբաններն էլ բողոք են ներկայացրել: