կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 21:24
Արցախ

Արցախում ուսումնասիրվում է կոոպերատիվներ հիմնելու հարցը

Արցախում ուսումնասիրվում է կոոպերատիվներ հիմնելու հարցը

Գյուղատնտեսության ոլորտի համար (առանց պետական կառավարչական հիմնարկների պահպանման ծախսերի) ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 779մլն դրամ՝ 2018 թվականի բյուջետային տարվա համար հաստատված 4մլրդ 504 մլն դրամի համեմատ կամ նախորդ տարվա պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 274 միլիոն 303 հազար 500 դրամով ավելի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մանրամասնելով, որ նախատեսվող բյուջետային հատկացումներն ուղղվելու են մի շարք ծրագրերի իրականացմանը:
 
Մասնավորապես՝ «Անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումներ» ծրագրի համար ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 306 միլիոն 239 հազար 900 դրամ՝ ԱՀ 2018 թվականի պետական բյուջեով հաստատված 304 միլիոն 489 հազար 900 դրամի դիմաց կամ ավելի 1 միլիոն 750 հազար դրամով: Սա 8 անասնաբուժական սպասարկման կայանի պահպանման ծախսերն են:
«Աջակցություն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» ծրագրով նախատեսվում է հիմնադրամին պետական բյուջեից հատկացնել  1 միլիարդ 500 միլիոն դրամ` նախորդ տարվա 1 միլիարդ 300 միլիոն դրամի դիմաց: Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորմանը:
 
«Խորհրդատվական և տպագրական ծառայությունների ու մոնիթորինգի կազմակերպում» ծրագրի համար ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է  հատկացնել 18 միլիոն դրամ, նախորդ տարվա 15 միլիոն 500 հազար դրամի դիմաց:
 
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է դաշտավարության, բանջարաբուծության, պտղաբուծության, անասնաբուծության, մեղվաբուծության ոլորտներում բարձրորակ մասնագետների ներգրավմամբ անցկացնել դասընթացներ: Ագրարային արտադրության արդյունավետության և շահութաբերության բարձրացման նպատակով կմշակվեն և կիրականացվեն ուսուցողական ծրագրեր, ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման փորձացուցադրական միջոցառումներ, կկազմակերպվեն խորհրդատվական աշխատանքներ, կանցկացվեն սեմինարներ»,- նշել է Ժ. Միրզոյանը:
 
«Գյուղատնտեսական տեխնիկայի պետհամարանիշերի և հատուկ փաստաթղթերի պատվիրում» ծրագրի համար 2019 թվականին կհատկացվի 653 հազար 400 դրամ: Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկայի պետհամարանիշեր, տեխնիկական վկայագրեր և տեխնիկայի վարման վկայականներ:
 
«Կենտրոնացված կարգով գույքի և սարքավորումների ձեռքբերում» ծրագրով նախատեսվում է 2019 թ. ԱՀ գյուղատնտեսության նախարարության համար ձեռք բերել անհրաժեշտ գույք և սարքավորումներ 1 միլիոն դրամի չափով: 2018 թվականի համեմատ` գումարն անփոփոխ է: 
 
«Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 10 միլիոն 400 հազար դրամ: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 350 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների և 100 գլուխ խոզամերունների արհեստական սերմնավորում: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա, օգտագործելով բարձր մթերատու ցեղերի գենետիկական ներուժը, բարելավել հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշները և բարձրացնել նրանց մթերատվությունը: Ծրագրի իրականացումը միաժամանակ հնարավորություն կտա սերմնավորվող կենդանիների մոտ կրճատել բնական զուգավորման ժամանակ փոխանցվող մի շարք վարակիչ հիվանդությունների տարածումը:
 
Ներկայացվող ծրագրերից զատ, գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաև նորերին՝ ընդգծելով, որ հունվարին հանդես են գալու նոր նախաձեռնությամբ, ըստ որի սահմանվելու են կոոպերատիվներին աջակցություն ցուցաբերելու առանձնահատկությունները:
 
«Ոլորտն ուսումնասիրվում է, և դիտարկվում են բոլոր հանգամանքները գալիք տարում կոոպերատիվներ ստեղծելու համար: Արդեն ունենք 3 հայտատուներ, ովքեր գործընթացին ներգրավվելու պատրաստակամություն են հայտնել և որոշակի աջակցություն են ակնկալում»,- նշել է Ժ. Միրզոյանը: