Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տիգրան Ավինյանի ընկերությանը գրանտ տալու գործընթացը սկսվել էր փետրվար ամսից, երբ Ավինյանը պաշտոն չուներ: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Միայն գրանտի տրամադրման պահը համընկել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու հետ: Գրանտը տրամադրելու համար եղել են տարբեր հանձնաժողովներ, որտեղ հիմնադրամի տնօրենը որևէ ներկայացուցիչ չի ունեցել և հանձնաժողովում որևէ անդամ նշանակելու հնարավորություն չի ունեցել: Գրանտի տրամադրումը հաստատած հանձնաժողովի անդամները նշանակվել էին դեռ 2015 թվականից»,- ասաց գյուղնախարարի պաշտոնակատարը, որն Ավինյանին գրանտ տրամադրելու ժամանակ եղել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ղեկավարը:
Հարցին՝ ո՞վ է վարչապետի մոտ բարեխոսել, որ ինքը նշանակվի գյուղնախարարի պաշտոնում, Գևորգյանը պատասխանեց. «Ինձ հրավեր ուղարկվել է կառավարությունից: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ինչպես Ավինյանի, այնպես էլ կառավարության մյուս անդամների հետ ունեմ գործնական լավ հարաբերություններ»:
Նա տեղեկացրեց, որ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով չի մասնակցելու, չի լինելու նաև համամասնական ցուցակում: «Առաջարկ չի եղել: Եթե լիներ առաջարկ, կքննարկեինք»,- ասաց Գևորգյանը: Ըստ նրա` նախապայման չի եղել, որ ինքը քաղաքական գործընթացներում չի լինելու: Գևորգյանը նշեց, որ ընտրություններից հետո էլ ցանկանում է նշանակվել գյուղնախարարի պաշտոնում:
Հարցին՝ եթե քաղաքական գործընթացներին չի մասնակցում, ինչպե՞ս է պատրաստվում քաղաքական պաշտոն զբաղեցնել, Գևորգյանն արձագանքեց. «Դուք ինձ համոզում եք, որ ընտրություններին մասնակցե՞մ: Ես ոչ մեկի համար ձայներ չեմ ապահովելու: Ես լավ աշխատանքով եմ հավակնում»:
Մեր հարցին՝ Կարեն Կարապետյանի հետ մտերմությո՞ւնն է կաշկանդում, որ մասնակցի ընտրություններին, նա պատասխանեց, որ Կարապետյանի հետ մտերմիկ կապեր չկան:
Հարցին էլ` Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում 1,5 մլն աշխատավարձ ստանալուց հետո հիմա շահեկա՞ն է 6-7 հարյուր հազար դրամ աշխատավարձով նախարար աշխատեը, Գևորգյանը պատասխանեց. «Նախարար աշխատելու համար ամենագրավիչ բանը աշխատավարձը չէ: Դա բավականին պատվաբեր աշխատանք է»:
Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետի վերահսկողության ծառայությունը պարզել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հողատարածքները ջրել է գաղտնի ջրագծերով, և հարցին` ինչպե՞ս է պատրաստվում ստվերը վերացնել, նա նշեց. «Գյուղատնտեսության նախարարությունը ստվերի դեմ պայքարի համար չէ ստեղծված: Հիմա, որ մեր ոլորտում գյուղացու կովը գողանան, գյուղնախարարությո՞ւնն է զբաղվելու, թե՞ իրավապահ մարմինները»: