կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 12:59
Հասարակություն

Չեմ մասնակցելու ընտրություններին, որպեսզի երիտասարդներն առաջադրվեն. Արա Բաբլոյան

Չեմ մասնակցելու ընտրություններին, որպեսզի երիտասարդներն առաջադրվեն. Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցելու ընտրություններին, որպեսզի երիտասարդներն առաջադրվեն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հայտնեց. «Գնում եմ առողջապահության ոլորտ: Չառաջադրվելու այլ պատճառ չկա: Ես 71 տարեկան եմ, բավական է ինչքան գործունեություն ծավալեցի քաղաքականության մեջ, կարծում եմ, որ հիմա պետք է երիտասարդ և փորձառու մարդիկ մասնակցեն»:

Հարցին` եթե ռեյտինգային ընտրակարգով մասնակցեր, փոփոխությունների համատեքստում քանի՞ քվե կստանար, Բաբլոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատել, դուք պետք է ասեք»: Նա հայտնեց, որ իր որդին էլ չի առաջադրվելու:

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի վերջին հայտարարությանը, որ ՀՀԿ-ն պետք է անպայման մասնակցի արտահերթ ընտրություններին, խորհրդարանի նախագահն ասաց. «Ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի: Չեմ կարող ՀՀԿ-ի շանսերը գնահատել, բայց գտնում եմ, որ ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և մասնագիտական ներուժ, որը պետք է օգտագործել»:

Արա Բաբլոյանը ՀՀԿ-ի վերափոխվելն անհնարին չի համարում: «Եթե վերցնենք ձեր նշած Վիգեն Սարգսյանին, ի՞նչ թերություն ենք տեսնում այդ անձի մեջ: Մենք տեսնում ենք, որ այդ մարդը դրական կերպար ունի, կրթված է, բանիմաց: ՀՀԿ-ն որոշել է  կուսակցության ներսում բարեփոխումներ իրականացնել, որպեսզի կարողանա ճիշտ մոտեցումներ դրսեւորել»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀԿ-ին ընդդիմություն համարո՞ւմ է, Բաբլոյանը պատասխանեց. «Ընդդիմություն կդառնա այն ժամանակ, երբ կլինի փոքրամասնություն: Երբ տեղի ունենան ընտրությունները, կորոշվի` ով է ընդդիմություն, ով` իշխանություն»: