Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՈՐ, ՈՐՊԵՍԶԻ
Որ շաղկապը կարող է արտահայտել մեկնական, նպատակի, պայմանի, պատճառի, ժամանակի և այլ իմաստներ:
Ի տարբերություն որ-ի՝ որպեսզի-ն ունի միայն նպատակի իմաստ, այսինքն՝ գլխավոր նախադասությանը կապում է նպատակի պարագա երկրորդական նախադասություն: Որպեսզի-ի նպատակի իմաստն ընկալելի է նույնիսկ խոսքից դուրս:
Ինչպես տեսնում ենք, այս շաղկապների գործառույթները համընկնում են մեկ դեպքում. երբ գլխավոր նախադասությանը միացնում են նպատակի պարագա նախադասություն: Այստեղից կարող ենք հետևություն անել. որ շաղկապը որպեսզի-ին կարող է փոխարինել գրեթե բոլոր դեպքերում, իսկ որպեսզի-ն որ-ին միայն այն դեպքում, երբ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա է:
Վերջին ժամանակներս ոմանք խուսափում են որ շաղկապը կիրառելուց՝ մտածելով, թե որպեսզի-ն պաշտոնական ոճին առավել պատշաճ է: Սա թյուր կարծիք է:
Զանգվածային տեղեկատվության միջոցներում, պաշտոնական խոսքում հաճախադեպ են որպեսզի-ի գործածության սխալները: Բերենք օրինակներ.
«Հարկային ու մաքսային մարմինները տարիներ շարունակ նպաստել են, որպեսզի որոշ իշխանավորների բանկային հաշիվները գնալով մեծանան»:
«Կողմերից ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ, որպեսզի իր իրավունքները խախտվեն»:
«Նախընտրելի է, որպեսզի թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»:
«Նա պնդում է, որպեսզի նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի այդ դրույթը»:
«Ժամանակն է, որպեսզի մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:
Որպեսզի շաղկապը գործածության ճշտությունը կարելի է պարզել հարցով: Նպատակի պարագան պատասխանում է ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին: Բերված օրինակներում գլխավոր նախադասություններից հետո չենք ասի՝ ինչո՞ւ (ի՞նչ նպատակով, ինչի՞ համար): Այլ՝
«…նպաստել են (ինչի՞ն), որ նրանց բանկային հաշիվները գնալով մեծանան»:
«…ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ (ի՞նչ), որ իր իրավունքները խախտվեն»:
«Նախընտրելի է (ի՞նչը), որ թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»:
«Նա պնդում է (ի՞նչ), որ նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի…»:
«Ժամանակն է (ինչի՞), որ մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:
Համոզվում ենք, որ այս օրինակներից ոչ մեկում երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չէ, և, բնականաբար, պետք էր գործածել որ շաղկապը:
Ահա այս նախադասություններում որպեսզի-ն ճիշտ է գործածված.
«ՀՀ քաղաքացիություն են ընդունել (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով), որպեսզի գոնե կենսաթոշակ ստանալու հնարավորություն ունենան»:
«Օգնենք նրանց (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով), որպեսզի կարողանան մոռանալ ողբերգությունը»:
Ինչպես ասվեց, որպեսզի-ի փոխարեն կարող է գործածվել նաև որ-ը. «Օգնենք նրանց, որ կարողանան մոռանալ ողբերգությունը»:
Նկատի ունենալով այս ամենը, որ և որպեսզի շաղկապների առանձնահատկությունները՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
երկրորդական նախադասությունը նպատակի պարագա լինելու դեպքում հավասարապես գործածել որպեսզի կամ որ շաղկապները. երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չլինելու դեպքում գործածել միայն որ -ը:
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ