կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-01 14:20
Առանց Կատեգորիա

«Տագնապած մրջնանոցի» վերածված ՀՀ-ի ապագայի մասին

«Տագնապած մրջնանոցի» վերածված ՀՀ-ի ապագայի մասին

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ՀՀ-ում արմատացած կոռուպցիայի, պետական համակարգում առկա բազմաթիվ արատավոր երևույթների դեմ պայքարելու, երկրում օրենքի գերակայություն և արդարություն հաստատելու մասին հայտարարություններով, կոչերով և կարգախոսներով:

Արդեն վարչապետի աթոռին նստելու հաջորդ պահից սկսած ՀՀ-ում ծայր առան մայրաքաղաքային և մարզային նախկին մանր ու խոշոր պաշտոնյաների, այդ թվում նաև ուժային կառույցների ներկայացուցիչների հանդեպ հարուցված քրեական գործերը, ըստ որոնց բացահայտվում էին բազմաթիվ և բազմապիսի չարաշահումներ և պետությանը հասցված վնասներ: Այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր:

Ինչպիսի՞ ազդեցություն կամ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը ՀՀ զարգացման վրա: Իհարկե, եթե երևույթին նայենք զուտ տեսականորեն` միմիայն դրական և կրկին դրական: Հակառակի մասին խոսելը կարող է անգամ տարօրինակ կամ զավեշտալի թվալ: Այդուհանդերձ, իրերի խորքը քննելիս ի հայտ են գալիս բազմաթիվ խութեր, ներքին զարգացումներ, երևույթներ, որոնք ոչ միայն ստվեր են նետում վերոնշյալ դրականի վրա, այլև կարող են երկիրը կանգնեցնել տնտեսական, ինչու չէ, նաև քաղաքական, կոլապսի առջև: Հնարավո՞ր է դրանցից խուսափել, ինչպե՞ս են շրջանցել աշխարհի հայտնի գործիչներն այդ անխուսափելի դժվարությունները, և ի՞նչ ունենք այսօր ՀՀ-ում:

Վերջին հարցադրումից սկսելով` փաստենք, որ այն գործողությունները, որոնք իրականացվում են այսօր Փաշինյանի թիմի կողմից, միտում ունեն ոչ թե վերացնելու, այլ խորացնելու նշյալ տնտեսաքաղաքական կոլապսը, հասցնելով երկիրը կատարյալ ֆիասկոյի եզրին, որի պատճառով կարճ ժամանակ անց օրինաչափորեն կրկին ի հայտ կարող են գալ քաղաքացիական անհնազանդություններ:
Ի՞նչ է արվում այսօր ՀՀ-ում: Երկրի ուժային կառույցների համապատասխան օղակները և վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը` մի կողմից, պետական համակարգի, Փաշինյանի թիմի անդամ, մանր ու խոշոր չինովնիկները` մյուս կողմից, ինչպես երկրի բոլոր ոլորտներում, այնպես էլ նախկին իշխանությունների օրոք աշխատանքային գործունեություն ծավալած գրեթե բոլոր պաշտոնյաների նկատմամբ (նրանցից շատերը, ի դեպ, շարունակում են աշխատել նաև ներկայումս) իրականացնում են ստուգումներ, կիրառում տարբեր բնույթի և չափի պատժիչ գործողություններ (տուգանում, աշխատանքից ազատում, քրեական վարույթների հարուցում) և այլն: Առաջին հայացքից` նորմալ և ողջունելի այս գործողությունների դրական և բացասական հետևանքները, սակայն, որևէ մեկը չի հաշվարկել և դրել նժարի վրա:

Խնդրի բարոյական ասպեկտը

Նախ` փաստենք, որ վախի ու կասկածանքի այսպիսի մթնոլորտը արդյունավետ և ստեղծարար աշխատանքի համար երբեք չի կարող ստեղծել բավարար պայմաններ, այն ընդամենը հասարակության ներսում տեղի է տվել ներքին գզվռտոցների` կտրուկ ավելացնելով միմյանց դեմ պայքարողների, շեֆի աչքը մտնելու համար գործընկերոջը մատնողների թիվը, և այսպիսի իրավիճակում հայտնված ՀՀ իրականությունն այդ մասով պարզապես հիշեցնում է բոլշևիկ-մենշևիկ առճակատումների շրջանը: Ինչ վերաբերում է խոշոր տնեսվարողներին, ապա վերջիններս ուղիղ ձևով կիրառում են հին ու բարի, բազմիցս փորձված մեթոդը. քրեական և տնտեսական հողի վրա պատժվելու վախից նրանք, արագորեն ճամբարափոխ լինելով, սկսել են «նոր թագավորին» քծնելու, վերջինիս գութը շարժելով նոր հովանի գտնելու արգահատելի և վտանգավոր դրսևորումները: Սա հետևանքների բարոյական բաղադրիչն է:

Խնդրի տնտեսաքաղաքական հետևանքները

ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, լինի նա պաշտոնյա, գործարար, բժիշկ, դասախոս կամ ցանկացած մեկը, նախկին համակարգի ժամանակ, օրինաչափորեն, կամա թե ակամա, շարժվել է տվյալ համակարգի սահմանած խաղի կանոններով: Արդյունքում` ՀՀ-ում գերակշռում են նրանք ովքեր չեն ապրել «մաքրամաքուր» կյանքով: Մեկը կաշառք է տվել հարկային ոլորտի աշխատողներին` սեփական բիզնեսի կայացման համար, մեկը` թաղային ոստիկաններին կամ քաղաքապետարանին` պատշգամբը փակելու կամ մայթին մի խանութ կառուցելու համար, մեկը` գյուղապետարանին, մեկը` մարզպետարանին, մեկը` բժշկին, մեկը` դասախոսին, մեկը մի խոշոր ոլորտ իր ձեռքում պահելու համար «տեսել է» նախագահականին մերձակա մեկին, մեկի վրա վերևներից դրված է եղել տարեկան կամ ամսական մուծման չափաբաժին, և նա էլ իր հերթին նույնը կիրառել է իր ենթակաների վրա… և այսպես անվերջ ու անընդհատ մի շղթա…

Փաշինյանի թիմի հակակոռուպցիոն գործողություններով ստեղծված մթնոլորտում` երկրի ազգաբնակչության մեկ հատվածը, որն այս կամ այն կերպ առնչվել է կոռուպցիայի այս կամ այն տեսակի հետ, հայտնվել է յուրատեսակ փակուղու առջև: Հավելենք նաև, որ խոշոր տնտեսվարողներից, հասկանալի պատճառներով, ոչ բոլորին է հաջողվում կիրառել վերոնշյալ «ճամբարափոխության» և «պաշտամունքային» գործիքները. շատերը, ամուր թելերով կապված լինելով նախկին ռեժիմների հետ, պարզապես դա չեն կարող անել:

Արդյունքում` պատժվելու, տարիների ընթացքում կուտակածը (նաև` ստեղծածը) մեկ օրում կորցնելու վախից, պաշտոնը կամ հասարակության մեջ ունեցած հեղինակավոր դիրքը կորցնելու տագնապից երկրում սկսվել է նախադեպը չունեցող «զորաշարժ». առնետավազք` պաշտոնյաների շրջանում, սկսած գյուղապետերից, մինչև միջին օղակի չինովնիկներ ու բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ: Բիզնեսի տեղափոխում ապահով վայրեր` Փաշինյանի քաղաքական հովանու ներքո, կամ արտերկիր: Դրամական միջոցները ևս տեղափոխվում են ավելի գաղտնի և իրավապահ մարմինների համար համեմատաբար դժվարամատչելի վայրեր, կամ այս ոլորտում ևս տեղի է ունենում աննախադեպ արտահոսք դեպի օֆշորային գոտիներ, արտերկրյա տնտեսական միջավայր և այլն:

Այսօր ՀՀ-ում ստեղծված նշյալ իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար այն կարելի է համեմատել քարի տակ գտնվող մրջնաբնի հետ, երբ քարի հեռացմամբ ստեղծված «արտակարգ իրավիճակից» տագնապած, յուրաքանչյուր մրջյուն խուճապահար ձգտում է գլուխը փախցնել ապահով մի վայր: Ավելորդ չենք համարում նշել, որ այսպիսի պայմաններում, ՀՀ նոր իշխանությունների քիմքին ոչ այնքան հաճո նախկին շատ խոշոր տնտեսվարողներ ոչ միայն ձեռնպահ են մնում նոր գործեր ձեռնարկելուց, այլև ներդրումներ չեն անում անգամ իրենց գործող բիզնեսներում (շուտով նկատելի կդառնան սրա տնտեսական ծանր հետևանքները): Այս իրողությունը փակ աչքերով տեսնում են նաև արտաքին` և’ սփյուռքյան, և’ օտարազգի ներդրողները, իսկ նոր իշխանությունների` ներդրումների ակնկալվող աշխուժության մասին հայտարարությունները նախընտրական պարզ հնարքներ են: Ներդրումների ներկա պատկերը ոչ մի ընդհանուր աղերս չունի լավ կյանքի համար գարնանը փողոցներ փակած մարդկանց սպասումների հետ:

Մեզ հակադարձողները կարող են պնդել, որ խոշոր տնտեսվարողների կամ նախկին (որոշ դեպքերում նաև ներկա) պաշտոնյաների կուտակած կապիտալը, ավելին, անօրինական ճանապարհով ձեռքբերված յուրաքանչյուր քաղաքացու (գյուղապետ, քաղաքապետ, ռեկտոր, բաժնի կամ վարչության պետ, դասախոս, բժիշկ, ոստիկան, զինվորական և այլք) ունեցվածքը պետք է վերադարձվի պետական գանձարան, և այս հարցը քննարկման ենթակա չէ: Կրկնում ենք` զուտ տեսականորեն վերջիններս միանգամայն իրավացի են: Մենք վերևում արդեն խոսեցինք այս առթիվ իրականացվող գործողությունների բարոյական և տնտեսաքաղաքական հետևանքների մասին:

Այժմ մատնանշենք, թե որքանո՞վ է դա հնարավոր, ինչպիսի՞ ժամկետներում և որքա՞ն է դրա օգտակա գործողության գործակիցը (ՕԳԳ): Մի պարզ հիմնարկից եթե փորձենք անօրինական ճանապարհով մի շատ սովորական տեղեկանք վերցնել, ապա վերջինիս, անգամ ոչ փորձառու, ղեկավարը տեղեկանք կտրամադրի տասն անգամ ծանր ու թեթև անելուց, մի քանի հաշվապահի ու իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո միայն: Պարզորոշ է, որ տասնյակ տարիներ անօրինական ճանապարհով հարստացած տնտեսվարողները կամ պաշտոնյաները ևս խոտակեր չեն եղել և այսօրվա մասին «հոգացել են» շատ վաղուց: Պարզորոշ է նաև, որ վերջիններիս ձեռքից գումարների բռնագանձումը պետբյուջե տևական ժամանակ պահանջող, շատ պարագաներում էլ անհնարին մի գործընթաց է: Ավելին` բռնագանձումների և ծավալուն ստուգումների այս թոհուբոհում առավել մեծ թափ է ստացել «տագնապած մրջնաբնի» շարժը, և բոլորը լեղապատառ այս ու այն կողմ են թաքցնում այդ գումարները, անխնա ոչնչացնում հետքերը կամ ամրացնում հիմքերը (դեպի արտերկիր դրամական հոսքերի մասին այստեղ ևս պետք է հիշեցնենք):

Չենք կարող չխոսել նաև այն իրողության մասին, որ նոր իշխանություններն իրենց այս հակակոռուպցիոն գործողություններին ձգտում են տալ հանրային մեծ հնչեղություն, դեռ փաստեր կամ արդյունքներ ցույց չտված` հայտարարում են «լուրջ կասկածների», «սպասվելիք բացահայտումների», «շուտով հրապարակվելիք ցնցող լուրերի» և այլնի մասին: Տպավորություն է, որ իշխանությունների նպատակը ոչ թե չարաշահումները վերացնելն է, այլ այդ ճանապարհով, հանրության աչքին, Պեգասին թամբած դեպի ազատության Պառնաս սլացող ասպետի կերպարի մեջ մնալը: Այստեղ հիշեցի վրացական իշխանությունների կողմից վերջերս ներդրված երկլեզվյա (բիիլինգվիստական) ուսուցման համակարգը Ջավախքում, երբ մեկ պարագրաֆ հայոց, մեկ` վրաց լեզուներով կազմված քիմիայի, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի դասագրքերը նպատակ են հետապնդում ոչ թե աշակերտին սովորեցնել տվյալ առարկաները, այլ տվյալ առարկաների միջոցով դպրոցներում անխնա կիրառել վրացերենը: Սրանք բոլորովին տարբեր բաներ են:

Ի՞նչ անել: Թողնել, որ անօրինական ճանապարհով կուտակածը վայելե՞ն. այսպիսի հարցադրում կանեն շատերը: Ահա այստեղ է, որ Ն. Փաշինյանը պետք է, իր թիմի բառամթերքով ասված, քայլ անի, համարձա’կ, պատմակա’ն քայլ, ինչպես արեց 2018 թ. գարնանը: Փաշինյանը պետք է քաշի հին և նոր իրականություններն իրարից բաժանող պատմական գիծը, որից այն կողմ անցյալի միջավայրն է` իր կոռումպացված համակարգով ու արատավոր երևույթներով: Գծից այս կողմ նոր միջավարն է, որտեղ իրապես գործում են օրենքները, որտեղ հետայսու ամենախիստ կերպով կպատժվեն օրինազանցները, որտեղ հին հիշողություններ են դառնում չարաշահումները, հովանավորչությունը, կաշառքը, կոռուպցիոն այլևայլ դրսևորումներ և այլն, որտեղ բիզնես միջավայրն իրապես ազատ է, և չկան այնտեղ իշխանական միջամտություններ կամ խանգարիչ այլ գործոններ, որտեղ բացակայում է վախի, կասկածանքի մթնոլորտը, որտեղ բոլորը ենթարկվում են ոչ թե իշխանությունների քմահաճույքներին, այլ օրենքին, որտեղ ոչ-ոք այլևս ջանք չի թափում ճամբարափոխության և առնետավազքի միջոցով փրկել սեփական բիզնեսը կամ հավերժացնել իր պատգամավորական մանդատը, որտեղ ոչ-ոք այլևս չի մտածում սեփական դրամական միջոցներն ավելի խորը թաղելու կամ երկրից դուրս փախցնելու մասին. շարքը կարելի է շարունակել, բայց բավարարվենք այսքանով:

Չպատժե՞լ ոչ-ոքի: Իհարկե պատժել` հինգ հոգու, տասնհինգ հոգու (թվերը պայմանական ենք նշում)` լավագույնս հաշվարելուց հետո միայն, թե պատժական այդ տնօրինումները որքանով կնպաստեն պետական համակարգի կամ բիզնես միջավայրի առողջացմանը: Այլապես` մեկնել հեռավոր գյուղական վայրեր և զինված-դիմակավորված անձանց միջոցով գետնին պառկեցնել գյուղական խեղճուկրակ պաշտոնյաներին, ներխուժել մայրաքաղաքային և մարզային տարբեր հաստատություններ, բարևելուց հետո աջ ու ձախ կա’մ պահանջել հեռանալ, կա’մ ցույց տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի տեղը (սա, իհարկե, ոչ բարձրաձայն) կա’մ, որպես մեղադրյալ, ներկայանալ դատվելու` սա ոչ մի լավ տեղ չի տանելու մեր երկիրը:

Ի վերջո` պետք է գետակցել, որ նախկին արատավոր համակարգը ստեղծել են մի խումբ մարդիկ, իսկ դրա գերին` ինչպես սեփական կամքով, այնպես էլ դրանից անկախ, դարձել են միլիոնավորները: Պատժելով այդ եզակիներին և «համակարգի գերությունից» կամ «ճահճային համակարգից» ազատելով միլիոնավորներին` երկրում կստեղծվի իրապես առողջ ու ստեղծարար մթնոլորտ, և նախկին համակարգի բոլոր ներկայացուցիչները, չվախենալով կորցնել իրենց կուտակած դրամական կապիտալը և տեսնելով իրական երաշխիքներ` դրանք կներդնեն երկրի տնտեսության մեջ` զարգացնելով արտադրության և ծառայությունների ոլորտը և այլն: Արդյունքում` երկրում անօրինական ճանապարհով առաջացած նշյալ դրամագլուխը ավելի հեշտ ճանապարհով ու կարճատև ժամկետներում կհայտնվի տնտեսության մեջ, քան վերոնշյալ բռնի մեթոդների, դատական մղձավանջների միջոցով: Այսպիսի «ինքնակամ» երկրի տնտեսություն հոսող կապիտալի մեծությունը հազարապատիկ անգամ ավելին կլինի, եթե այն համեմատենք դատական քաշքշուկների արդյունքում երկրի բյուջե մուտքագրվելիք խղճուկ միջոցների հետ: Ի վերջո` բոլորն են հասկանում, որ դատական գործընթացների կամ վախի ու շանտաժի միջոցով բռնագանձված գումարները տարիներով կուտակվածի փշրանքներն են միայն:

Տպավորությունն այնպիսին է, որ այն, ինչ ներկայումս կատարվում է երկրում և կոչվում է «պայքար կոռուպցիայի դեմ»` խորքում նպատակ ունի վախի մթնոլորտի ստեղծմամբ հասարակության տարբեր շերտերին ու հատվածներին թեքել դեպի իշխող կուսակցության կողմը և առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար ձեւավորել հուսալի հենարան: Այդ երևույթի ապացույցը նախկին խոշոր բիզնեսմենների, պաշտոնյաների և այլ շրջանակների առնետավազքն է դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներ: «Տագնապած մրջնանոցի» այս աժիոտաժի մեջ թե ինչո՞վ է «նոր իրականությունը» տարբերվում «հին իրականությունից»` դժվար է ասել:

Ն. Փաշինյանը պարտավո’ր է կատարել վերը հիշատակված «բաժանարար գծի» ստեղծման պատմական քայլը: Նրան միգուցե մեղադրեն դրա համար, նրան շատերը չեն հասկանա, բայց հանուն պետության, հանուն պետականության պետք է նաև գին վճարել: Հիշեցնենք նաև, որ հենց այս սկզբունքներն էին դրված Փաշինյանի գլխավորած շարժման հիմքում, սկզբունքներ, որոնց անխնա կերպով ոչնչացման ականատեսն ենք այսօր:

Նիկոլ Փաշինյանը պարտավո’ր է կատարել պատմական այդ քայլը, եթե իր նպատակներն ազնիվ էին և են:

Ի վերջո, համաշխարհային պատմության մեջ, ԱՄՆ Նախագահ Ա. Լինկոլնը հիշվում է ոչ միայն որպես առաջին հանրապետական նախագահ, ոչ միայն որպես Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական երկարատև ու դաժան մարտերում հաղթանակած առաջնորդ կամ ստրկատիրության վերացման հեղինակ, այլև ԱՄՆ-ի վերամիավորման, ԱՄՆ զարգացող տնտեսության հիմքերի ձևավորման գործերում ունեցած անփոխարինելի ավանդի, ամերիկյան դեմոկրատիայի հիմնական սկզբունքների մշակման, ամերիկյան ժողովրդի ձևավորման և համախմբման, ԱՄՆ-ի պառակտված հասարակության մեջ ներդաշնակության սերմանման և ստեղծարար մթնոլորտի ձևավորման համար: Իհարկե` ժամանակակիցների կատաղի քննադատությունը ևս չէր ուշանում, դրանք նաև կյանք արժեցան, բայց Լինկոլնը երբեք չվախեցավ դրանից, և այստեղ է ուրվագծվում նրա բացառիկ ֆենոմենը:

Ամփոփենք` մեջբերելով Աբրահամ Լինկոլնի խոսքերը. «Ոչ ոքի հանդեպ քեն չտածելով, լինելով ողորմած, ճշմարտության մեջ՝ ամուր, ամերիկացիները պետք է կապեն երկրի վերքերը…»:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ