Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու և գործող իշխանությունների հետ առաջիկա ընտրություններին մասնակցելու իր քայլը ոչ երեկ էր մտահղացել, ոչ էլ` երեկ չէ առաջին օրը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ կապակցությամբ արած իր հայտարարությանը` նա նշեց, որ մի քանի անգամ արտահայտել է կարծիք, որ ճիշտը հենց սկզբից հեղափոխությանը միանալն է, սակայն կուսակցության մեծամասնությունը այլ կարծիք է ունեցել:
«Ես սրտով մշտապես եղել եմ այնտեղ` հրապարակում, բայց ես, կուսակցական կարգապահությունը պահելով, չեմ եղել այնտեղ: Ես փողոցում կանգնած իմ ընկերներին խոստացել եմ մեկ բան, որ երբեք չեմ խանգարելու նրանց` փողոցում կանգնողներին: Որևէ մեկը չի կարող գտնել մի ստատուս, մի ելույթ, որտեղ ես վատ բան եմ ասել փողոցում կանգնած իմ ընկերներին»,- ասաց Կոնջորյանը:
Yerkir.am-ի հարցին` իրեն կտեսնե՞նք ՔՊ-ի ցուցակում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նաև` կանդամակցի՞, արդյոք, ՔՊ-ին, նա պատասխանեց. «Դեռ նման քննարկում չի եղել, որ ես անդամակցեմ ՔՊ-ին: Քննարկում ենք, որ միասին գնանք առաջիկա գործընթացների ժամանակ»:
Կոնջորյանը նաև շեշտեց, որ իր քայլը պայմանավորված է իր գաղափարներով և հավատամքով: «Ես ասել եմ նաև ԼՀ իմ ընկերներին` ես հավատում և հավատացել եմ միշտ Նիկոլ Փաշինյանին և այն գործին, որը նա սկսել է: Ես չեմ կարող ընդդիմանալ մի բանի, ինչին հավատում եմ»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը` մշտապես քննադատվել է, որ ճամբարափոխությունը լավ բան չէ, Դուք էլ նոր եք սկսել քաղաքական կարիերան, բայց արդեն թիմը լքում եք, Կոնջորյանը պատասխանեց. «Շատ կարևոր տարբերություններ կան ձեր նշած` նախկին ճամբարափոխությունների և այն քայլի միջև, որը ես եմ արել: Ճամբարափոխությունը մի բան է, երբ դու բոլորովին այլ թիմից գնում ես բոլորովին այլ թիմ: Իմ քաղաքական գործունեության հիմնական մասն անցկացրել եմ «Ելք» դաշինքում: Մենք ունեցել ենք հուշագիր, որ դառնալու ենք մեկ թիմ, ուրեմն սա ճամբարափոխություն չէ: «Ելք»-ը մեծ տուն է եղել, և ես մի սենյակից անցել եմ մյուս սենյակը, ես ճամբարափոխություն չեմ արել, մի' խառնեք»:
Դիտարկմանը, թե հնարավոր է` մանդատի համար է արել, արձագանքեց. «Ես խորապես թքած ունեմ ցանկացած պաշտոնի և մանդատի վրա: 4 ամիս պատգամավոր եմ, և իմ մտածմունքներում ոչինչ չի փոխվել: Ես սովորական մարդ եմ, բոլորի նման գնում եմ աշխատանքի և ամսվա վերջում պետք է փակեմ վարկերս, երբեմն չի բավականացնում աշխատավարձը: Փոխվել է մի բան` ուղղակի որոշ տեղերում ինձ ավելի զգաստ են ընդունում, որոշ մարդիկ էլ քծնում են, ինչը ինձ դուր չի գալիս»: