կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-20 16:04
Հասարակություն

Թե օրհասական պահին և թե հաղթական ժամին, միշտ եղել եք արցախցիների կողքին. Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին

Թե օրհասական պահին և թե հաղթական ժամին, միշտ եղել եք արցախցիների կողքին. Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Ձեր ձեռնադրման 50-ամյակը նշանակալի իրադարձություն է Հայ Առաքելական Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայրենիքի եւ Սփյուռքի բազմաթիվ օջախների համար: 
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն ու արեւշատություն Ձեզ՝ Ձերդ Սուրբ Օծություն, զորացում ու բարգավաճում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը եւ նրա թեմերին:

Արցախում գիտեն եւ բարձր են գնահատում Ձեր՝ որպես կաթողիկոսի, հոգեւորականի, հասարակական գործչի, հայրենանվեր մարդու երկարամյա գործունեությունը՝ ուղղված մեր ազգային եկեղեցու ծաղկմանն ու զարգացմանը, սփյուռքում հայապահպանությանը, ազգային ու հոգեւոր արժեքների պահպանմանն ու տարածմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դուք մեծածավալ ազգանպաստ գործունեություն եք իրականացնում կրթական-հայագիտական ծրագրերի, միջեկեղեցական եւ միջկրոնական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ:
Թե օրհասական պահին եւ թե հաղթական ժամին Դուք եղել եք միշտ մեզ հետ, մեր կողքին ՝ Ձեր գործուն աջակցությունն ու օժանդակությունը բերելով արցախցիներին, օգնելով լուծել մեր երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրները, ապավեն լինելով բազմաթիվ փորձությունների միջով անցած եւ իր ճակատագիրն ինքնուրույն կերտող մեր ժողովրդին:
Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք կրկին իմ խորին հարգանացս հավաստիքը եւ լավագույն բարեմաղթանքները Ձեր ձեռնադրության 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող ամենազոր Աստված միշտ պահապան լինի Ձեզ, Մայր Եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին»: