կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 17:34
Աշխարհ

Օրհասական պահին հայ ժողովուրդը միասնական է թշնամու դեմ. Նուբար Վարդանյան

Հայ ժողովուրդը ապացուցել է, որ ամեն անգամ օրհասական պահի մի կողմ է թողնում ներքաղաքական խնդիրները, տարակարծություններն ու միասնական հանդես գալիս թշնամու դեմ. այս մասին ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի և Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կողմից Ամստերդամի կենտրոնական հրապարակում ադրբեջանական ագրեսիայի դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հոլանդիայի «Արամ Մանուկեան» Կոմիտեի ներկայացուցիչ Նուբար Վարդանյանը։ 

Նա ընդգծել է, որ Հոլանդիայի հրապարակները նման իրավիճակներում մշտապես ականատես են եղել հայերի միասնականությանը։ 

«2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ երեք օրվա ընթացքում ցույց հայտարարվեց և ժողովուրդը 500 հոգով այստեղ հավաքվեց, մեկ ձայնով մեր պահանջը ներկայացրեց։ Այսօր նույնպես երկու օրվա ընթացքում ցույց կհրապարակվի և ժողովուրդն անմիջապես կներկայանա, որովհետև մեր հայրենիքը մեզ համար սրբություն է։ Այդ սրբությունն ունի իր սահմանները, որոնք պաշտանվում են մեր եղբայրների, մեր բանակի կողմից, և մենք մեր բանակի թիկունքին ենք միշտ։ Շատերին բախտ չի վիճակվել ծառայել բանակում, բայց այստեղ՝ եվրոպայում, սփյուռքի մեջ մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանենք, որ մեր բանակին զորակից լինենք, որ մեր բանակի տարած հաղթանակները դիվանագիտական և քաղաքական կերպով այստեղ արձանագրվեն, քաղաքական և դիվանագիտական հաջողությունների հասնենք, որպեսզի ռազմական պատերազմը իրականություն դառնա քաղաքական և դիվանագիտական պատերազմով։ Մենք ամեն անգամ այսպես պիտի շարունակենք՝ ոչ միայն պատերազմով, այլև  պիտի շարունակենք խորհրդարաններում մեր պայքարը՝ մինչև եվրոպական կուսակցությունների կողմից մեր իրավունքները ճանաչվեն մինչև նաև Արցախը արդեն որպես միաջզգային պետություն ճանաչված լինի ամբողջ աշխարհի համար», - հայտարարել է Նուբար Վարդանյանը։  

Հիշեցնենք՝ երեկ ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակը և Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան Ամստերդամի կենտրոնական հրապարակում (Դամ/ Dam Square) բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանի (Տավուշի մարզի) ուղղությամբ հուլիսի 12-ից իրականացվող ադրբեջանական սադրանքների:

Հուլիսի 12-ին Ադրբեջանը ռազմական սադրանքներ էր սկսել հայ-ադրբեջանական սահմանին՝ կրակ բացելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Սադրանքները շարունակվել էին մի քանի օր։ Արդյունքում հայկական կողմը չորս զոհ էր ունեցել։ Ադրբեջանի զոհերն ու ռազմական կորուստներն անհամեմատ ավելի շատ են։ 

ՀՅԴ Հոլանդիայի «Արամ Մանուկեան» Կոմիտեի ներկայացուցիչ Նուբար Վարդանյանի ելույթի տեսագրությունը՝ ստորև.