Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուսակցության ներսում կա մոտեցում, որի ջատագովները, այդ թվում` ես, կարծում ենք, որ պետք է մասնակցենք ընտրություններին, սակայն մեր ընկերներից ոմանք էլ կարծում են, որ այս ընտրական փուլը պետք է բաց թողնել ու պատրաստվել հաջորդ ընտրություններին. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով այն մասին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ-ում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու կապակցությամբ կան տարբեր կարծիքներ:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, քանի որ նշանակված էլ չեն արտահերթ ընտրությունները: «Այս փուլում ընթանում են վերլուծական, հետազոտական աշխատանքներ, հանրային կարծիքի ուսումնասիրություն, և երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, մենք մեր վերջնական որոշումը կհրապարակենք: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն մեր քաղաքական կյանքում և' ասելիք, և' անելիք ունի, այն բացառիկ կուսակցություններից է, որն ունի գաղափարական հիմք: Այլ հարց է՝ որքանով է մեզ հաջողվել վերջին տարիների ընթացքում այդ գաղափարական ակունքները զուլալ պահել, բյուրեղ պահել»,- ասաց Աշոտյանը:
Նրա կարծիքով՝ հենց Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ ցանկացած նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, որովհետև այդ նախորդ իշխանությունը, Աշոտյանի գնահատմամբ, կրում է ինստիտուցիոնալ հիշողություն: «Այդ նախորդ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, արատավորված չլինելով այս կամ այն սկանդալների մեջ, կարող են օգտակար լինել քաղաքական կյանքում: Հայաստանը փոքր երկիր է, քաղաքական վերնախավը, անկախ քաղաքական ճամբարներից, շատ մեծ չէ, ուստի վերնախավ աճեցնելը, մեծացնելը, վարձատրելը բավականին թանկ է: Կարծում եմ, որ ՀՀԿ-ի` ընտրություններին մասնակցելու հիմնավորումներից մեկն էլ դա պետք է լինի՝ ՀՀ քաղաքական շահերը պահանջում են, որպեսզի նախորդ իշխանությունները, կապ չունի՝ ով, ինչ, ոչ թե վերանան քաղաքական դաշտից, այլ ունակ լինեն տրանսֆորմացվելու, իրենց տեղը վերահաստատելու քաղաքական երկնակամարում և շարունակելու աշխատել՝ լինելով գիտելիքի, կապերի, փորձի կրող՝ դրանով իսկ օգտակար լինելով քաղաքական կյանքին»,- ասաց Աշոտյանը:
Ըստ նրա` եթե ամեն անգամ Հայաստանում քաղաքական ցիկլերը սկսվեն, ինչպես վարչապետը կասեր, արմատախիլ անելով նախորդներին և տնկելով նոր քաղաքական մշակույթի տնկիներ, ապա երբեք չենք ունենա կայուն քաղաքական, կուսակցական համակարգ, երբեք չենք կարողանա ունենալ երկարաժամկետ քաղաքական պլանավորում: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ սա իր՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցելու հիմնավորումների մեջ ամենապետականամետն է: «Այսինքն՝ կարծում եմ, որ Հանրապետականը, որը երկար տարիներ կուտակել է նաև մեր հարկատուների հաշվին այդ փորձը, գիտելիքը, կապերն ու հնարավորությունները, պարտավոր է շարունակել աշխատել ՀՀ քաղաքացիների համար` իհարկե, հույս ունենալով, որ բավարար բանակությամբ մարդիկ կքվեարկեն այդ մանդատի համար: Բայց այս ամենն իմ անձնական տեսակետներն են»,- ասաց Աշոտյանը:
Նա հիշեց, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն էր տարածել՝ ասելով, թե կա բարիկադներ կառուցելու ժամանակը, և կա բարիկադները քանդելու ժամանակը: Աշոտյանի մեկնաբանմամբ՝ պետք չէր Հայաստանում բարիկադներ կառուցել, որպեսզի հետո քանդելու հիմնավորումը բերեին: «Այսօրվա մարզպետերից մեկի նշանակումը ես այդ տեսակետից եմ ընկալում: Թեպետ նշանակված անձը հանրապետական չի եղել, բայց, այնուհանդերձ, նախկին իշխանական համակարգի ներկայացուցիչ լինելով, կարևորվել է իր ունեցած վարչական գիտելիքները, փորձը: Փաշինյանի այդ արտահայտությունն ինձ մեկ այլ աստվածաշնչյան արտահայտություն հիշեցրեց՝ կա քարերը շպրտելու ժամանակը, և կա քարերը հավաքելու ժամանակը: Կարծում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի համար գալու է քարերը հավաքելու ժամանակը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Աշոտյանի խոսքով՝ ինքը շատ է ուզում, որ նոր կառավարությունը չդառնա իր հաջողության պատանդը, քանի որ այդ դեպքում գալու է ոչ թե բարիկադներ քանդելու, այլ քարերը հավաքելու ժամանակը:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին, Աշոտյանը պատասխանեց, որ Սարգսյանն այս պահի դրությամբ լսում է բոլոր կարծիքները: «Իսկ այդ կարծիքները շատ են, հիմնավորումները՝ տարբեր, այսինքն՝ պրո ու կոնտր հիմնավորումները տարբեր են: Բոլորն էլ ունեն իրենց հիմքերը: Կուսակցության ղեկավարը լսում է այդ կարծիքները, խրախուսում ինտելեկտուալ բանավեճը: Մեզ մոտ որոշումները կայացնելու համար քննարկումների լայն հարթակ կա: Դժվարանում եմ ասել՝ ինչպիսին կլինի կուսակցության վերջնական որոշումը, բայց այն կկայացվի պատեհ ժամկետներում՝ հիմք ընդունելով բացառապես օբյեկտիվ տվյալները»,- ասաց Աշոտյանը:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Հանրապետական կուսակցությունն այս իրողությունների մեջ ունի վերափոխվելու, իր կուտակած փորձն ու գիտելիքը փոխանցելու և ՀՀ-ին ծառայեցնելու ներուժ:
Աշոտյանը հավելեց նաև, որ չի կարելի քաղաքական դաշտը 10 տարին մեկ սրբել, գցել մի կողմ: «Ցավում եմ, որ նույն ՀՀՇ-ի պարագայում մենք կորցրեցինք քաղաքական վերնախավի մի զգալի պոտենցիալ, և չեմ ուզում, որ այդ ճակատագիրը սպառնա որևէ նախկին իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ-ին»,- ասաց նա: