կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-09 19:33
Քաղաքական

ՀՀԿ-ն չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն. հայտարարություն

ՀՀԿ-ն չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն. հայտարարություն

Ազգային «ՀՀԿ» խմբակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀԿ լրատվական ծառայությունից, «ՀՀԿ» խմբակցության հայտարարության մեջ ասվում.

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է:
 
Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, դեսպանությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ:
Բացի այդ, նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային կառույցների հետ՝ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցների ձեռքբերման համար:
 
Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար: Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Մեր արտահայտած այս մոտեցումների նպատակը մեկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձևավորումը»: