Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում. նրանք ոռոգման ջրի խնդիր ունեն: Ցուցարարները պնդում էին, որ համայնքում ջուր կա, բայց իրենց ջուր չի հասնում, դաշտերը չորացել են։
Բնակիչներից մեկն էլ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ տարեվերջին իրենցից չմատակարարած ոռոգման ջրի վարձն են ուզելու:
Ցուցարարների հետ հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը, ով նրանց ասաց, որ կես ժամվա ընթացքում համայնքը կապահովվի ոռոգման ջրով:
Հարցին` եթե հնարավորություն կար ավելի վաղ ջրով ապահովելու համայնքը, ինչո՞ւ չեն արել, Նահապետյանը պատասխանեց, որ երկու խնդիր կա` ջրասակավություն և տեղերում ջրի անարդարացի բաշխում: «Ջրի սակավության հարցը եղել է, կա ու կմնա, մինչև մենք ոռոգման համակարգերի հետ կապված հայեցակարգային մոտեցում չձևավորենք ու լուծումներ չտանք: Այս պահին այդ ջուրը կլինի, որովհետև Ազատի ջրամբարում, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ջրի այն ծավալը, որը սովորական պայմաններում չէր կարելի բաց թողնել, հիմա բաց է թողնվելու»,- բացատրեց նա:
Դիմելով ցուցարարներին` Նահապետյանն ասաց, որ կազմակերպված եկել են կառավարություն, իրենց պահանջները ներկայացնում են, սակայն լավ կլինի, որ այդպես կազմակերպված տեղերում լուծեն ջրի բաշխման արդարացիության հարցը:
«Մենք ուզում ենք ամեն ինչ կազմակերպված անել, եթե մեզ չեն ուզում լսել, բա ո՞ւմ պետք է դիմենք»,- արձագանքեց բնակիչներից մեկը:
Բացի այդ` նրանք փոխվարչապետի օգնականին ասացին, որ նրան սխալ են զեկուցել: «Իրենք հին գելեր են, գիտեն` ոնց են աշխատում քո հետ, դու նոր ես եկել, չես իմանում»,- ասացին ցուցարարները:
Բնակիչները խնդրեցին, որ վերահսկիչ նշանակեն, որ Արտաշատի ջրային կոմիտեն կառավարությանը մի բան չասի, այլ բան անի: Փոխվարչապետի օգնականն էլ նրանց տրամադրեց իր հեռախոսահամարը, որ խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեն իրեն:
«Եթե խնդիրը չլուծվեց, վաղը երեք անգամ ավելի մարդ է գալու այստեղ»,- ասացին բնակիչները:
Լրագրողների հետ զրույցում ցուցարարները հավաստիացրեցին, որ պատրաստ են տալ նաև անուններ, թե ովքեր են մեղավոր ջրի անարդար բաշխման համար: