Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչների հետ: Ապարան քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցած բազմամարդ հանդիպման ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց՝ բնական է, որ ընտրությունների նախաշեմին խոստումների պակաս չի զգացվում, սակայն, ըստ նրա, ուշադիր լինելու պարագայում, բոլորն էլ կտեսնեն՝ որ քաղաքական ուժը, ինչ է անում երկրի համար:
«Նախընտրական քարոզարշավին մասնակցող ինը քաղաքական ուժերից ըստ էության միայն Դաշնակցությունն է, որ մասնակցում է իր դեմքով, իր դրոշով որպես առանձին կազմակերպություն: Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում այն քաղաքական ուժերը, որոնք իբրև թե առանձին ցանկերով են մասնակցում, իրականում իրենց ցանկերում ունեն բազմաթիվ այլ կուսակցությունների ներկա և նախկին անդամներ»,- ասաց Համբարձումյանը, ապա հավելեց, որ ՀՅԴ-ի պարագայում կուսակցության ասելիքն ու անելիքը նոր չէ, որ պետք է բանաձևվվի և ներկայացվի ժողովրդին: «Բնական վիճակ է, երբ նախընտրական պայքարում բոլոր քաղաքական ուժերը հարկ են համարում իրենց ծրագրերով ու խոստումներով ներկայանալ, բայց եթե անդրադառնաք այդ քաղաքական ուժերի անցած ճանապարհին, այդ քաղաքական ուժերին ներկայացնող մարդկանց, իրենց արածին ու չարածին, շատ հեշտությամբ կտարբերեք սևն ու սպիտակը, կտարբերակեք, թե խոստումներից որոնք են իրատեսական, որոնք ֆանտաստիկայի ոլորտից»,- հանդիպման ներկաներին դիմեց Համբարձումյանը՝ շարունակելով խոսքը. «Եթե եղել եք քարոզարշավներին, լսած կլինեք, որ ինչ-որ մեկը բացահայտել է, որ Հայաստանի ընդերքում նավթ ու գազ կա, հետո երբ փորձում ես կոնկրետացնել, թե այդ տվյալները որտեղից, պատասխանը հնչում է հետևյալ կերպ. «Ես լսել եմ Պորտուգալիայի ինչ-որ ընկերության ներկայացուցչից»: Այս մակարդակով, այս հիմնավորումներով գալ ժողովրդին խոստումներով կերակրել, առնվազն բարոյական չէ: Բանը հասել է այնտեղ, որ գնում են կույրերի միավորում և այնտեղի կույրերին խոստանում են, որ հաջորդ օրը տեսնելու են: Չի կարելի քաղաքական պայքարի նշաձողը իջեցնել այդ մակարդակի վրա»:
Անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից այդքան կարևոր համարվող համակարգային փոփոխություններին՝ Համբարձումյանն ընդգծեց, որ մեր երկրի խնդիրները, մարդկանց մտահոգող բազմաթիվ հարցերի լուծման ճանապարհն արդյունավետ կառավարումն է: «Մեր երկրում չկա արդյունավետ կառավարում, ձեր իրավունքների՝ ամեն քայլափոխին ոտնահարումը, ցածր աշխատավարձերը, աշխատատեղերի բացակայությունը, ոչ մատչելի առողջապահական ծառայությունները, ոչ որակյալ կրթությունը… այդ բոլորը պայմանավորված են ոչ արդյունավետ, ոչ որակյալ կառավարմամբ: Եթե մեր երկրում լինի որակյալ կառավարում, ես վստահեցնում եմ, անգամ այս համեստ ռեսուրսներվ մենք հսկայական առաջընթացի հնարավուրություն ունենք»,- ասաց Արսեն Համբարձումյանը՝ վստահեցնելով, որ երկրի զարգացմանը չի խանգարելու ո՛չ Արցախի հիմնահարցը, ո՛չ փակ սահմանները, ո՛չ մեր աշխարհագրական դիրքը, ո՛չ գազի ու նավթի պակասը: «Մենք ունենք այնպիսի մրցակցային առավելություն, որ ուրիշ մեկը չունի: Մեր ամենամեծ մրցակցային առավելությունը հայ մարդն է»,- նշեց նա:
Համբարձումյանի խոսքով՝ իբրև քաղաքական թիմ Դաշնակցությունը հաղթած քաղաքական կառույց է: «Մենք կարողացել ենք խորհրդարանում ունենալով հինգ պատգամավոր՝ քաղաքական հաղթանակ տանել: Ես չգիտեմ աշխարհում էդ տեսակ դեպք եղել է, թե չի եղել, բայց մենք դա արել ենք: Հիմա մենք ապավինում ենք ձեր վստահությանը, որպեսզի կարողանանք ավելի կուռ շարքերով երկիրը դուրս բերել այս վիճակից: Այս վիճակից երկիրը կարող է դուրս բերել միայն կազմակերպված քաղաքական թիմը»,- եզրափակեց նա: