կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-03 14:41
Հասարակություն

Քաղաքական դիակների վերակենդանացման ձախորդ փորձերը

Քաղաքական դիակների վերակենդանացման ձախորդ փորձերը

Երեւանի ավագանու (Քաղաքապետական) արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանին զրպարտելու կոչված, Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսափողներ, «1in.am» կայքի ու «Ժամանակ» թերթի «տեղեկատվական-լուսաբանական» գերակտիվությունը մեղմ ասած՝ զարմանքի տեղիք է տալիս: Եւ առաջին հերթին ու գլխավորաբար՝ պահի ու պայմանների ընտրության տեսակետից: Այլապես՝ ՀՀՇ-ՀԱԿ-ամետ շեփորահարների հակադաշնակցական մոլուցքը պարզ է ու մեկին, արդեն 25 տարիներ ի վեր…

.… 1994 թվականին Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանին սպանելու մեղադրանքի (հետագային չապացուցված ու հօդս ցնդած) մասին 24 տարի անց կրկին հիշաչարող երկվորյակ ԶԼՄ-ները «արդարության վերականգնման» մասին են բարձրաձայնում…

Հետաքրքիր նմանությամբ, պահը նպաստավոր տեսնող այս «արդարամիտները» 10 տարի անց 2008-ի մարտի 1-ի հարցով նույնպես արդարահատուց են ձեւանում, չարաշահելով ժողովրդի զգացմունքները այդ ողբերգական իրադարձության վերաբերյալ:

…. Գողերին բռնելուն ոչ ոք, երբեք, դեմ չի եղել, սակայն, ժողովրդական օրինաչափությունը միշտ էլ հուշել է «գողին բռնեք» բարձրաձայնողների ու առաջինը ճչացողների խայտառակվելու մասին…, ինչպես որ դա եղավ 1995 թ.-ին, երբ նույն Միքայել Մանուկյանը մեկամյա շինծու մեղադրանքից ու կալանքից հետո անպարտ ու ազատ արձակվեց: Իսկ այդ ժամանակ հայտնի ու խայտառակվող «գող բռնողը» ոչ այլ ոք էր քան՝ ԱԱԾ տեղակալ տխրահռչակ ԿԳԲ-ական Գուրգեն Եղիազարյան կոչեցյալը, որն օրերս կրկին հիշել է իր դավադիր կարիերայի մասին: Համբարձում Գալստյանի իսկական սպանողը, սակայն, այդպես էլ չբացահայտվեց, բայց… այժմ էլ, 24 տարի անց՝ «գողին բռնեք» ճչացողները բացահայտ՝ զուր փորձեր են անում ժողովրդին մոլորեցնելու իրենց հնամենի ոճով ու յուրահատուկ պատեհապաշտությամբ:

….Հերթական չարաշահումն էլ անշուշտ, պայմանավորված է Հայաստանյան ներքաղաքական նոր իրադարձություններով, որոնք էլ պատեհապաշտ եւ ապազգային տարրերի համար (թեկուզ ժամանակավոր) ստեղծում են այն ենթահողը, որտեղ սկսում է աշխատել «պղտոր ջրից ձուկ որսալու» մեխանիզմը՝ նախ որպես քաղաքական դիակներ վերակենդանանալու, ապա իրենց հակադաշնակցական մոլուցքին հագուրդ տալու համար…:

Հ. ՍԵՊՈՒՀ
2 սեպտ.2018 թ.