կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 17:31
Հասարակություն

Դպրոցը, որը խստագույնս հետևում է բացակայություններին, կորցնում է իր աշակերտներին

Դպրոցը, որը խստագույնս հետևում է բացակայություններին, կորցնում է իր աշակերտներին

Ավագ դպրոցների ուսումնական պլանը շատ կոշտ է, այն կարծես հիմնական դպրոցի շարունակությունը լինի. այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության տնօրենների հանդիպման ժամանակ ասաց Երևանի թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը:

Ըստ նրա` ուսումնական պլանը պետք է սպասարկի դասի կազմակերպման այն ընթացքը, որը պետք է տարբեր լինի հիմնական դպրոցից, մինչդեռ` այն կոշտ, մեխանիկական մի բան է:

«Բացի ուսումնական պլանից, մեզ խանգարում է նաև աշակերտների թվով ֆինանսավորումը, իսկ ուսուցչի համար ծանր բեռ է աշակերտի բացակայության խնդիրը. այն դպրոցը, որը խստագույնս հետևում է բացակայություններին, կորցնում է իր աշակերտներին: Հաշվի առնելով աշակերտների թվով ֆինանսավորումը` ծնողներն էլ «սպառնում» են երեխային տեղափոխել այլ դպրոց, այնտեղ, ուր ավելի մեղմ են վերաբերվում բացակայություններին»,- ասաց Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ կրթական ծրագիրը հնարավորություն չի տալիս լավ սովորող աշակերտներին, իսկ նրանք շատ են, տալ այն կրթությունը, ինչի կարիքը նրանք ունեն:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ բոլոր մտահոգություններն անպայման հաշվի կառնվեն, իսկ առաջիկայում թիվ 198 դպրոցում տեղի կունենա հանդիպում-քննարկում` բարձրացված խնդիրների հնարավոր լուծման տարբերակների հարցով: