|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շուրջ վեց ժամ է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ քննում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը։ Քիչ առաջ դատական նիստը 10 րոպեով ընդմիջվեց. գործով 4 պաշտպաններն առանձին-առանձին ներկայացնում են իրենց բողոքը։
Նշենք, որ ներկայացված բողոքին կցված է նաև պատգամավորների երաշխավորության վերաբերյալ փաստաթուղթը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ ՀՀ ԱԺ 45 պատգամավորների ներկայացրած միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանը պնդում է, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է: