կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-27 14:34
Հասարակություն

Տենդենց կա՝ Ադրբեջանի հարցում հստակ դիրքորոշում ունեցող մարդկանց է մեղադրանք առաջադրվում. Դավիթ Հարությունյան

Տենդենց կա՝ Ադրբեջանի հարցում հստակ դիրքորոշում ունեցող մարդկանց է մեղադրանք առաջադրվում. Դավիթ Հարությունյան

ՀՀ  արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մտահոգիչ է համարում, որ ՀՀ երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման մեջ է:

Իսկ թե ինչու է մտահոգիչ համարում, նա լրագրողներին ասաց, որ դրա համար բազմաթիվ պատճառներ կան: «Նախ` կարծում եմ, որ եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, պետք է ներկայացված լինեին նաև մամուլի հաղորդագրության մեջ, բայց ինչպես ես ասել եմ, չէին պարունակում իրավական տարրեր, ավելին` ես այնտեղ տեսնում  եմ սխալ մեկնաբանություններ` և' օրենքի, և' տերմինաբանության»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, թե խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով: «Ինձ մոտ տպավորություն է  ստեղծել, որ այդ նյութի հեղինակները կարծում են` ՀՀ անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքն է, բայց դա այդպես չէ: Եթե մի քիչ ավելի խորանան իրավունքի մեջ, անմիջապես պարզ կդառնա, որ անվտանգությունն ունի թե' արտաքին, թե' ներքին կոմպոնենտ, ուստի այդ պայմաններում բանակի օգտագործումը ճիշտ էր»,- ասաց Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե նախագահն ինչպիսի լիազորություններ ունի: «Ավելին` Սահմանադրությունը նախատեսել է, թե  ինչ գործիքակազմ ունի նախագահն իր լիազրություններն իրականացնելիս: Արտակարգ դրություն հայտարարելը նախագահի գործիքակազմ է: Նա պարտավոր էր ապահովել ՀՀ անվտանգությունը: Նախագահի գործիքակազմեր սահմանելը մտածված քայլ է, հակառակ դեպքում` ցանկացած նախագահ ամենապատասխանատու պահին` երբ պետք է ռազմական դրություն հայտարարի, պատերազմ հայտարարի, կարող է կաշկանդված լինել` իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ վաղը` իշխանափոխությունից հետո»,- նշեց նա և հավելեց. «Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուն, իմ գնահատականը հետևյալն է` իրավիճակը ՀՀ-ում այնպիսին էր, որ եթե արտակարգ դրություն չհայտարարվեր, դա կարող էր բերել լրացուցիչ զոհերի»:

Հարցին` համաձա՞յն է Քոչարյանի այն դիտակմանը, որ քաղաքական պրոցեսներից հեռացնելու համար են նրան մեղադրանք առաջադրել, Հարությունյանը պատասխանեց, որ դա քաղաքական գնահատական է: «Ինչ-որ տենդենց կա. խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլև ռազմական գործիչներին, ովքեր երկար տարիներ հստակ, աներկբա դիրքորոշում են ունեցել մեր և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, ինչ-որ տենդենց տեսնում եմ, հենց այդ մարդկանց է մեղադրանք առաջադրվում: Այնպես որ` որոշ մտահոգություններ այդ առումով կան»,- ասաց նա: