կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-13 10:59
Հասարակություն

Ընտանիքում բռնության ենթարկվածների ֆինանսական աջակցության համար մասնագիտական խումբ կստեղծվի

Ընտանիքում բռնության ենթարկվածների ֆինանսական աջակցության համար մասնագիտական խումբ կստեղծվի

Կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները: Առաջարկվում է Լիազոր մարմնին կից ստեղծել 25 անդամից բաղկացած խորհուրդ, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, կազմում կընդգրկվի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:

Իր գործունեության շրջանակում Խորհուրդը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելու հնարավորություն կունենա:

Նախատեսվում է խորհրդի կազմում ձևավորել նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբ, որը կքննարկի և խորհրդի նախագահին կներկայացնի ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկներ:

Խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ մեխանիզմ, որը կաջակցի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մշակման և դրա իրականացման գործընթացների համակարգմանը, կապահովի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կապն ու համագործակցությունը»: