կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-03 22:12
Հասարակություն

Մշակութային մասնագիտությունները հատուկ վերաբերմունք են պահանջում

Մշակութային մասնագիտությունները հատուկ վերաբերմունք են պահանջում

Միջին մասնագիտական ոլորտը տարիներ շարունակ պատշաճ ուշադրության չի արժանացել, չնայած իր դերով և նշանակությամբ մեծ գործառույթ և կարևորություն ունի հանրային կյանքում, ինչպես նաև տնտեսության և կրթության ոլորտներում:

«Հոդված-3» ակումբում կազմակերպված «Մշակութային և միջին մասնագիտական կրթության հիմնահարցերը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը, ինչպես նաև մշակութային ուղղվածությամբ քոլեջների տնօրեններ, կրթության փորձագետներ:

Քննարկումը կազմակարպվել էր մշակութային քոլեջների տնօրենների առաջարկությամբ: ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում խնդիրները շատ են.

«Այստեղ մենք գործ ունենք մշակութային, ՏՏ, առևտրի և ծառայությունների, սպասարկման, գյուղատնտեսական ուղղվածությամբ ուսումնական հաստատությունների հետ:Այս ոլորտի գլխավոր խնդիրն աշխատաշուկայի պահանջարկի արագ սպասարկումն է: Հատկապես մշակութային քոլեջների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում մի շարք հարցեր են բարձրացվել, որոնց մի մասը լուծում են ստացել, որոշ հարցեր էլ քննարկվում են: Մենք խնդիր ունենք մասնավոր սեկտորի համար առավել գրավիչ դարձնել ոլորտը՝ հատկապես ագրարային և տնտեսության ոլորտի մասնագիտությունները: Կոչ կանեմ այն գործարարներին, ովքեր մտահոգված են իրենց իսկ բիզնեսի զարգացման հեռանկարներով՝ մեծ ուշադրություն դարձնեն ոլորտի զարգացմանը»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը` նկատելով, որ ոլորտի զարգացման նկատմամբ հետաքրքրություն ունեցող մի շարք հանդիպումներ մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ արդեն տեղի են ունեցել:

Նրա խոսքով` ոլորտի որոշ խնդիրներ օրենսդրական փոփոխություն են ենթադրում, որոշներն էլ պայմանավորված են կառավարման բացթողումներով: Վերջին տարիներին ակտիվացել է միջազգային կազմակերպությունների համագործակցությունը ՄԿՈՒ ոլորտի հետ, մասնավորապես արդյունավետ համագործակցություն է ծավալվել Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ծրագրի (GIZ)-ի հետ, որի աջակցությամբ սկսվել է դուալ կրթական համակարգի փորձնական ներդրումը մի քանի քոլեջներում:

ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով՝ 12-ամյա պարտադիր կրթության սահմանադրական պահանջի ամրագրումից հետո քոլեջներն ու ուսումնարանները հիմնական կրթության հիմքով վճարովի կրթության կազմակերպման իրավունք չունեն, բայց սա առաջացնում է հավելյալ խնդիրներ, քանի որ պետության կողմից հատկացված տեղերը սահմանափակ են: «Եթե դպրոցի պարագայում, որքան դիմորդ լինում է, այնքան էլ ընդունվում է և որևէ խոչընդոտ չկա, ապա քոլեջի և ուսումնարանների համար պետպատվեր տեղերի սահմանափակ քանակը խնդիրներ է առաջացնում»,- նշել է վարչութան պետը և ներկայացրել վիճակագրություն:

2017-ին արհեստագործական կրթության համար պետության կողմից հատկացվել է 3877տեղ ԿԳՆ-ին և 400 տեղ՝ ոստիկանությանը, իսկ միջին մասնագիտական կրթությանը` 7713 տեղ ԿԳՆ-ին, 279 տեղ այլ ոլորտների` մշակույթ, սպորտ և այլն: 2018 թվականին միջին մասնագիտական ոլորտում պետպատվերի տեղերը կտրուկ նվազել են, քանի որ կրթության ոլորտի ֆինանսավորումը պակասել էր:

Ըստ այդմ` այս տարի արհեստագործական կրթությանը հատկացվել է 3777 տեղ ԿԳՆ-ին և 200 տեղ ոստիկանությանը, իսկ միջին մասնագիտական կրթությանը 6270 տեղ ԿԳՆ-ին և 271 տեղ այլ ոլորտների: Այսինքն` 1600 տեղով նվազել են միջին մասնագիտական և մոտ 300-ով արհեստագործական կրթության պետպատվերի տեղերի:

Արտակ Աղբալյանի խոսքով` այժմ նախարարությունում քննարկում են պահուստային տեղերի բաշխումն այնպես կազմակերպել, որպեսզի հնարավորինս ապահովվի արհեստագործական և միջին մասնագիտական կրթության առկա պահանջարկը: Հաշվի առնելով, որ պետության պատվերը, այնուամենայնիվ սահմանափակ է, օրենսդրական փոփոխության առաջարկ է նախապատրաստվում, ըստ որի պետք է քոլեջներին և ուսումնարաններին թույլատրել հիմնական կրթության հիմքով վճարովի կրթություն կազմակերպել.

«Պետպատվերի շրջանակում մենք կտրամադրենք տեղեր և մրցութային հիմունքներով ընդունելություն անելուց հետո, եթե կլինեն մարդիկ, ովքեր անպայման ուզում են սովորել հենց այդտեղ ու պատրաստ են նաև վճարել դրա համար, մենք օրենսդրական փոփոխությունից հետո այդ հնարավորությունը կտանք: Սա նաև հնարավորություն կտա ուսումնական հաստատություններին ունենալ արտաբյուջետային ֆոնդ և ֆինանսական խնդիրներ լուծել»: Իրավական խնդիր կա նաև քոլեջից բուհ անցման գործընթացում:

Մինչև 2012 թ. գործող կարգով քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները հնարավորություն ունեին կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ բուհի առկա՝ 2-րդ և հեռակա՝ 3-րդ կուրսերում: Այս կարգը, սակայն հետագայում վերանայվեց և օրենսդրությամբ ամրագրվեց, որ քոլեջի լավագույն շրջանավարտները կարող են ուսումը շարունակել բուհի համապատասխան մասնագիտությամբ ֆակուլտետի հեռակա 2-րդ կուրսում.

«Մի շատ կարևոր սկզբունք իրավական դաշտից դուրս մնաց՝ արվեստի, առողջապահության, սպորտի ոլորտի մասնագիտությունների համար բուհերը հեռակա ուսուցում չունեն, հետևաբար քոլեջների մշակութային մասնագիտությամբ շրջանավարտների կրթության շարունակականության իարվունքը խախտվում է: Ստացվում է, որ, օրինակ, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջն ավարտած կամ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջն ավարտած անձը ստիպված է ընդհանուր հիմունքներով բուհ ընդունվել և հայտնվում է ընդամենը առաջին կուրսում: Այստեղ նաև ուսանողի իրավունքների «խախտում» ենք տեսնում»,-նշել է Ա. Աղբալյանը:

Ըստ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի` հիմնական կրթության հիմքով վճարովի կրթություն կազմակերպելու խնդիրը դեռ քննարկման փուլում է: Այս հարցում կրթության և գիտության նախարարությունը նաև սահմանադրագետների փորձագիտական եզրակացության կարիքն ունի: Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով քոլեջների վճարովի-անվճար տեղերի, ինչպես նաև բուհական աստիճանում կրթությունը շարունակելու հնարավորությունների նվազեցումը պայմանավորված է ավագ դպրոցին չվնասելու միտումով.

«Ավագ դպրոցը դեռևս լուրջ բովանդակային փոփոխությունների կարիք ունի, և եթե երեխան իմանա, որ քոլեջից հետո միանգամից ընդունվելու է բուհ, ավագ դպրոցը կտուժի: Բացի այդ՝ ՀՀ Սահմանադրությամբ կրթության հանրակրթական բաղադրիչը անվճար է և այստեղ խնդիր է՝ արդյո՞ք միջին մասնագիտական կրթությունը հանրակրթությո՞ւն է, թե՞ ոչ: Ես խնդրել եմ, որ սահմանադրագետներն ուսումնասիրեն այս խնդիրը»:

Քննարկման ընթացքում անդրադարձ է մշակութային քոլեջների շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պահպանման և արխիվացման հարցերին: Որպես կանոն շրջանավարտները իրենց ավարտական աշխատանքները թողնում են ուսումնական հաստատությանը, ինչն առանձին դեպքերում դժգոհություններ է հարուցում: Նախարարի տեղեկալը նշել է, որ այժմ քննարկվում է դիպլոմային աշխատանքները էլեկտրոնային տարբերակով պահպանելու հարցը, իսկ բուն աշխատանքը կարելի է կամ հեղինակին փոխանցել կամ էլ հեղինակի համաձայնությամբ նվիրել սոցիալական, կրթական, պետական որևէ հիմնարկի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային մասնագիտությունների ուսուցման արդյունավետության բարձրացման, ֆինանսավորման, դիմորդների շրջանում պահանջարկ չունեցող, սակայն խիստ կարևոր մասնագիտացումների պահպանման ու զարգացման հետ կապված խնդիրները: Ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում հրատապ լուծումներ պահանջող հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: