կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-03 17:25
Հասարակություն

Փայլուն էր, բայց մենք կարող ենք ավելիին հասնել. նախագահը պոլիտեխնիկում էր

Փայլուն էր, բայց մենք կարող ենք ավելիին հասնել. նախագահը պոլիտեխնիկում էր
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բուհի ուսումնահետազոտական, գերազանցության կենտրոններում եւ ինժեներական լաբորատորիաներում: Նա, մասնավորապես,  ծանոթացել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ցուցադրված՝ ուսանողների պատրաստած սարքավորումներին, կենտրոնի ծրագրերին, շրջել արհեստանոցում, շփվել կենտրոնում ներգրավված ուսանողների հետ: 

Նախագահը նաեւ շրջայց է կատարել տարբեր կազմակերպությունների հովանավորությամբ գործող՝ «Տաշիր Կասկադ հոլդինգ -ՀԱՊՀ», «Շնայդեր էլեկտրիկ Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոններում, միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, ատոմային էներգիայի մասնագիտական համակարգչային, ռոբոտաշինության, կապի եւ հեռահաղորդակցության լաբորատորիաներում:

Այցի ավարտին նախագահը հանդիպում է ունեցել բուհի ռեկտորատի անդամների եւ ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նա նշել է, որ տպավորված է տեսածով: «Այն՝ ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր, բայց մյուս կողմից՝ մենք կարող ենք ավելիին հասնել: 21-րդ դարում մեր զարգացման ճանապարհը նոր տեխնոլոգիաներն են, իսկ դրան հասնելու հիմնական կետերից մեկը ձեր համալսարանն է»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը ողջունելի է համարել, որ համալսարանում ներգրավված են նաեւ այլ բուհերի ուսանողներ, ովքեր հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաներով եւ կարեւորել է համալսարանների համագործակցությունը:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել՝ միջազգային ինստիտուտների, գիտական կենտրոնների հետ փոխգործակցության հաստատման, արտերկրից մասնագետներ հրավիրելու գործում: