Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճիշտ է, Մանվելի գողացած «տուշոնկան» չի լցնի մեր պետբյուջեն, սակայն նրա այս արարքով մեր պատմության մեջ սև էջ բացվեց, որը գրվեց 3-րդ դասարանցի աղջկա ձեռքով, ով նամակ էր գրել զինվորին. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով վերջին օրերին Մանվել Գրիգորյանի հետ կապված` ԱԱԾ-ի բացահայտումներից:
Նրա խոսքով՝ երբ տեսել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը, մտածել է, որ չէր ցանկանա՝ ադրբեջանցիներն այն ևս տեսնեին, քանի որ խոսքը Արցախի հերոսի մասին է: Սակայն, ըստ նրա, որքան էլ խոսակցություններ պտտվեն տեսանյութի՝ ցուցադրել-չցուցադրելու մասին, իր կարծիքով՝ հանրությունը պետք է տեղյակ լիներ:
«Սանտավիկ»-ից մինչև խտացրած կաթ գողացողի համար մեկ է՝ ով է նամակ գրել, ում են նամակ գրել: Մարդիկ իրենց բերանից կտրել ու զինվորին ինչ-որ բան էին ուղարկել, և պարզվեց, որ նույնիսկ այս պայմաններում էլ կան առնետներ, որոնք զբաղվում են գողությամբ: Ես թշնամու լրտես բռնելը կարող եմ համեմատել խտացրած կաթ գողացողի հետ, և չգիտեմ՝ նրանցից ով ավելի շատ վնաս կհասցնի մեր պետությանը, բանակին»,- ասաց Եղիազարյանը:
Ըստ նրա` ճիշտ է, Մանվել Գրիգորյանի ճակատին ամոթի մեծ խարան կա, սակայն մենք որքան արագ մոռանանք այս ամենը, այնքան ավելի հանգիստ կապրենք:
Եղիազարյանի խոսքով՝ ինքը շատ բան է տեսել կյանքում, սակայն նման բան՝ երբեք: Նրա կարծիքով` ԱԱԾ-ի տեսանյութը Մանվել Գրիգորյանի ամառանոցից գուցե անհրաժեշտ էր Էջմիածնի քաղաքացիներին, քանի որ նրանք ստրկացած էին, և Էջմիածինը, բառի բուն իմաստով, ստրկատիրական գաղութ էր դարձել: «Բացի այդ՝ սա հեռու գնացող պատմություն է, քանի որ «Սանտավիկ»-ը նա մենակ չի կերել: Ինչ վերաբերում է Փաշինյանին ու ԱԱԾ-ին վնասազերծելու մասին լուրերին, ապա կարող եմ ասել, որ ես էլ եմ անցել դրա միջով. երկու անգամ, քաղաքական դրդապատճառներից ելնելով, իմ դեմ մահափորձ է կազմակերպվել: Սա լրջանալու պահն է»,- նշեց նա:
Եղիազարյանը դիմեց ԱԱԾ-ին՝ ասելով. «Տղե'րք, նույն կերպ շարունակեք: Որտեղ կպնեք՝ ոսկի է դուրս գալու, ու դա ազգից գողացված ոսկին է: Նախաքննությունը պետք է պարզի՝ ով վերցրեց շտապօգնության մեքենան ու տարավ Մանվելի ամառանոց, պահեստներից ով է բարձել այդ մթերքը: Բացի այդ՝ նախաքննությունը պետք է լրջագույնս զբաղվի նաև ՊՆ-ով»: